Նորություններ
Newsletter  |  Քարտեզ  |  Հետադարձ կապ
 
 
Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը
2012-01-15
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակում 2012թ.-ին հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Մասնակիցների առջև դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300գ  բեռ և կվերադառնան մեկնարկի կետ:

Ռոբոտը կարող է ունենալ կառուցման ցանկացած տեսակ` VTOL (ուղղահայաց թռիչք և վայրէջք), CTOL (սովորական թռիչք և վայրէջք), STVOL (կարճ թռիչք և վայրէջք) և այլն: Ռոբոտի թռիչքը և վայրէջքը կարող է կատարվել թե՛ ավտոմատ, թե՛ հեռակառավարմամբ: 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել http://digitec.am/armrobotics.php?id=185  կայքում և գրանցումից 10 օր անց ներկայացնել ռոբոտի ամբողջական նախագիծը և կոնցեպտը: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ մասեր կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտը: Մրցույթին կարող են մասնակցել նաև թիմեր, որոնք նախօրոք գրանցված չեն եղել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:

 «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի գրանցումը կընթանա սույն թվականի  հունվարի 13-ից մարտի 12-ը:

Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: 

Ավարտվեց «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը
2011-12-21
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում տեղի ունեցավ «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի խնդիրն էր խուզարկել հողածածկ տեղանքը, գտնել թաղված ականները, նշել դրանց դիրքերը և ստեղծել հետազոտվող տարածքի էլեկտրոնային քարտեզը: Մասնակցում էին 5 թիմ, որոնք են` «Առնետ», «Միմ», «Ռևոտեք», «Մայմհագր», «Ոզնի»: Ցավոք որևէ թիմ ամբողջությամբ չկատարեց իր առջև դրված պահանջը, այդ իսկ պատճառով ժյուրին որոշեց սահմանափակվել խրախուսական մրցանակներով:

Շվեցարական ԷյԲիԲի (ABB) ընկերության «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացավ  «Ոզնի» թիմը, որի մրցանակն է 200.000 դրամ: 

Աղջիկներից ձևավորված «Միմ» թիմը ստացավ «Խիզախության համար» մրցանակը` արժանանալով 100.000 դրամ: 

Մյուս 3 թիմերը նույնպես ստացան խրախուսական մրցանակ` յուրաքանչյուրն արժանանալով 100.000-ական դրամ: 

«Անցած տարվա նույն մրցույթի համեմատությամբ կարող ենք ասել, որ այս տարի թիմերը կիրառել էին ավելի բարդ տեխնիկական լուծումները»,-նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Մրցույթի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, հատուկ մրցանակի հովանավորը` ԷյԲիԲի ընկերությունը, տեխնիկական հովանավորը` Արթին Վարուժան ընկերությունը, աջակիցներն էին` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը:  

Մրցույթի ժյուրիի անդամներն են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, իրանական «Հուրնեթ» ընկերության տնօրեն Արթին Բարսեղյանը, ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/ կիրառական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Միքայել Հարությունյանը, ՀՊՃՀ մեքենաշինության ավտոմատացման և համալիր մեքենայացման ամբիոնի դասախոս Ստեփան  Քրիստափորյանը, «Քեմբրիգ» ընկերության տնօրեն Պատվական Հախինյանը, Ռադիոտեխնիկայի և Կապի ինստիտուտի ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության աշխատակից Մանուկ Շեմշյանը, «ԷյԲիԲի» ընկերության տնօրեն Փայլակ Ղուկասյանը, «Ֆեստո» ընկերության տնօրեն Արմեն Գյոքչյանը և «Փուլ» ընկերության տնօրեն Հրաչյա Մակարյան:

Լրագրողների մրցույթի հաղթողներն արդեն որոշված են
2011-12-21
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ նախաձեռնել էր «ԴիջիԹեք ցուցահանդես` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով լրագրողների մրցույթ, որի նպատակն էր խթանել Հայաստանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:  

Արդեն ամփոփվել են մրցույթի արդյունքները և մրցանակները բաշխվել են հետևյալ կերպ`
  1. «Լավագույն հոդված» անվանակարգ - հաղթող է ճանաչվել Սամվել Ավագյանը (լրատվամիջոց` www.news.am), մրցանակն է 50.000 դրամ:
  2. «Լավագույն հարցազրույց» անվանակարգ - հաղթող` Գայանե Խաչատրյան (լրատվամիջոց` www.1in.am), մրցանակը կազմում է 50.000 դրամ:
  3. «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգ- հաղթող` Մանու Իրիցյան (լրատվամիջոց` Արմնյուզ հեռուստաընկերություն), մրցանակն է 70.000 դրամ:
Ժյուրիի որոշմամբ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում տրվեց նաև խրախուսական մրցանակ Սիրանուշ Ղարիբյանին, ով ներկայացնում է info.mskh լրատուն (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր): Մրցանակը կազմում է 20.000 դրամ:  

«Միությունը որոշեց լրագրողական մրցույթ հայտարարել ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված, քանի որ ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն  է և արտացոլում է ոլորտի հիմնական զարգացումները»,- նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Լրագրողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին  անցկացվող ՏՏ ոլորտի ամանորյա տոնակատարության ժամանակ:

Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում. նոր և արդյունավետ բիզնես մոդել
 
2011-12-02
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) շարունակում է էլեկտրոնային առևտրի դաշտի բարելավմանը նվիրված միջոցառումների շարքը: Դեկտեմբերի 9-10-ը Դիլիջանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցներին:

Միջոցառման ընթացքում կքննարկվի էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա հարկային և մաքսային խնդիրները, վճարային և բանկային խնդիրները, անվտանգության, անձի էլեկտրոնային նույնականացման, առաքման հետ կապված խնդիրները, առկա կարգավորման դաշտում էլեկտրոնային առևտրի իրականացման մեխանիզմները և այլն:
Նախատեսվում է նաև միջոցառման անցկացման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն:

Միջոցառման համակազմակերպիչն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, աջակիցն է Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը:

Հետաքրքրված կազմակերպությունները և անձիք ֆորումի մասնակցության մասին կարող են տեղեկանալ մեր կայքի հետևյալ էջից` http://digitec.am/poxkap.php?id=41 կամ զանգահարելով 010-54-88-81/82/ հեռախոսահամարով: 


Էլեկտրոնային առևտրի ՏՏ լուծումների վերաբերյալ գործարար ներկայացումների իրականացման հրավերք 2011-11-25
ԻՏՁՄ շարունակում է էլեկտրոնային առևտրի դաշտի բարելավմանը նվիրված միջոցառումների շարքը: Միջոցառումների և կատարված աշխատանքի արդյունքում առաջ եկած հիմնախնդիրները և հետագա անելիքները քննարկելու համար սույն թվականի Դեկտեմբերի 9-11 Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում տեղի կունենա հերթական «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը՝ նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսում ՏՀՏ լուծումների ներդրման հիմնախնդիրներին:

Այժմ կազմվում է հանդիպման օրակարգը, ուստի հետաքրքրված կողմերին առաջարկում ենք «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումին հանդես գալ էլեկտրոնային ներկայացմամբ՝ ներկայացնելով իրենց լուծումները Էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցների վերաբերյալ:

Ներկայացումների թեմաները կարող են վերաբերվել վճարման համակարգերին, լոգիստիկ լուծումներին, պատվերի ընդունմանը և ձևակերպմանը, առաջարկների էլեկտրոնային առաջխաղացմանը և այլն՝ չբացառելով էլեկտրոնային առևտրին նվիրված և հարակից ցանկացած լուծումներ և հաջողության պատմություններ:

Նախատեսվում է նաև միջոցառման անցակցման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն:

Հետաքրքրված ընկերություններին խնդրում ենք գործարար ներկայացումները ուղարկել info@uite.orgէլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի Նոյեմբերի 30-ը:
ԻՏՁՄ իրավունք է վերապահում ընտրել միջոցառման թեմատիկային առավեր համահունչ ներկայացումները:


Էլեկտրոնային առևտրի զարգացման գործընթացը ՀՀ-ում 2011-11-18
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ տեղեկացավ նոյեմբեր 18, 2011 news.am կայքում տեղադրված «Visa-ն, հայկական բանկերն ու էլեկտրոնային առեւտուրը» վերնագրով նյութի մասին: Հոդվածում բանկերի որոշ ներկայացուցիչներ հավաստիացնում են, որ չեն հրավիրվել ս.թ. նոյեմբերի 9-ին ԻՏՁՄ կողմից կազմակերպված կլոր սեղանին, որը նվիրված էր ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների և վերհանված խնդիրների վերաբերյալ առաջարկությունների միջանկյալ ամփոփմանը: ԻՏՁՄ հայտնում է, որ միջոցառման մասնակցության հրավեր են ստացել միայն վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, սակայն, միաժամանակ կարևորելով քննարկվող թեման և դրա նկատմամբ հետաքրքրություն հայտնած կողմերի բազմազանությունը, միությունը կլոր սեղան-քննարկման հայտարարությունն ուղարկվել է նաև ՏՀՏ ոլորտի ընկերություններին: Այլ ոլորտների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել միջոցառման մասին տեղեկանալ լրատվամիջոցներում նախօրոք տեղադրված հայտարարություններից: Միությունը ցավում է, որ բանկային ոլորտը չի տեղեկացել և ներկա չի գտնվել այս միջոցառմանը:
Միաժամանակ կարևորելով ՀՀ առևտրային բանկերի ներգրավվածությունը ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման գործընթացին` ԻՏՁՄ տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 9-11-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված էլեկտրոնային առևտրի և դրանց լուծումների ներդրման հիմնախնդիրներին բիզնեսի այլ ոլորտներում: Հետաքրքրված կողմերին առաջարկում ենք մասնակցել ֆորումին, որի մանրամասները նախօրոք կհրապարակվեն www.uite.org և www.digitec.am կայքերում: Բանկային ոլորտի ներկայացուցիչներին միջոցառման մասին կտեղեկացնենք նաև Հայաստանի Բանկերի միության միջոցով:

Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի լիդերները հավաքվում են Արցախում` քննարկելու ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման խնդիրներն ու հեռանկարները 2011-11-07

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ շարունակում է իր ջանքերը` խթանելու տեխնոլոգիական զարգացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այդ իսկ նպատակով հոկտեմբերի 28-30-ը Ստեփանակերտում կանցկացվի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված Արցախի տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Միջոցառման աջակիցներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ԼՂՀ Տնտեսական զարգացման նախարությունը:  

Ֆորումի օրակարգային հարցերից են` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և աշխատուժի զարգացման խնդիրները, ԼՂՀ Տեխնոլոգիական ձեռներեցության ենթակառուցվածքների զարգացման խնդիրները, տեխնոլոգիական լուծումները ԼՂՀ արդյունաբերության համար, ԼՂՀ տեխնոլոգիական զարգացման ներկան ու հեռանկարները և այլն:

Միջոցառման բացումը կիրականացնի ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների, պետական, հասարակական, միջազգային կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։  

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումն առաջին անգամ Լեռնային Ղարաբաղում անցկացվեց 2010 թվականի  հոկտեմբերի  9-10-ը: Այն նվիրված էր Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին: «Հիմնվելով նախորդ հանդիպման արդյունքում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և ունեցած ձեռքբերումների վրա, մասնավորապես՝ Տեխնոլոգիական ինկուբատորի շինարարության մեկնարկը, «Ինստիգեյթ», «Լայմ Տեխ», «Յունիքոմփ» ընկերությունների, Նորք Տեղեկատվավերլուծական կենտրոնի կողմից Արցախում մասնաճյուղերի հիմնումը, որոշվեց քննարկել ԼՂՀ տեխնոլոգիական հետագա զարգացման խնդիրները և նպաստել տեխնոլոգիական առաջընթացին»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարոն Վարդանյանը: 

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

Ավարտվեց ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսը 2011-10-21
Հոկտեմբերի 7-9-ը Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսը: Միջոցառման պլատինե հովանավորությունը ստանձնել է VivaCell-MTS ընկերությունը: DigiTec ցուցահանդեսը 2005 թվականից` ստեղծման օրվանից, անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:   

Ցուցահանդեսի պաշտոնական բացումն իրականացրեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տիգրան Սարգսյանն իր բացման խոսքում նշեց, որ տարեցտարի նկատվում է հետաքրքրության աճ ցուցահանդեսի նկատմամբ: Այն փաստը, որ 70 տոկոսով ավելացել է մասնակիցների թիվը, վկայում է` ցուցահանդեսն իր ուրույն տեղն է զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Նա նաև նշեց, որ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների  ոլորտը գերակա հռչակելուց հետո կառավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության շնորհիվ ստեղծվել են լուրջ նախադրյալներ, որոնք կարող են հանդիսանալ զարգացման կարևորագույն շարժիչներից մեկը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այսօր ոլորտում ունենք 300 ձեռնարկություն:

Այս տարի ԴիջիԹեք ցուցահանդեսին մասնակցեցին տեղական, սինգապուրյան, թայվանական, ռուսական, լեհական, վրացական 115 ընկերություններ, ինչը 70% աճ է նախորդ տարվա համեմատ, որին մասնակցում էին 68 ընկերության:

Ցուցահանդեսի ընթացքում Բալթյան երկրների առաջատար IT դիստրիբյուտորներից մեկը` Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթսը (ACC),  մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում իր մուտք գործելու մասին: Ընկերությունը ներկայացնում է համաշխարհային առաջատար արտադրողների` ASUS, Dell, LG, BenQ, Sony, Philips, D-Link և այլն: ԷյՍիՍին ձեռք է բերել հայկական Մաքստրոնիկ ՓԲԸ, որը կդառնա ընկերության 7-րդ մասնաճյուղը Արևելյան Եվրոպայում: ԷյՍիՍին մատակարարում է նոութբուքեր, համակարգիչներ, համակարգչային տեխնիկա և ծրագրային ապահովում, մուլտիմեդիա սարքեր և այլ սարքավորումներ, որոնք էլ ներկայացրեց ցուցահանդեսի ընթացքում: 
 
Ոլորտին առնչվող  կրթական ծրագրերը ցուցահանդեսում ներկայացրեցին Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ), Հայ-ռուսական /Սլավոնական/, Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները և այլ կրթական հաստատություններ:

Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում հանդես եկավ նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:  



Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հայտարարում է լրագրողների մրցույթ 2011-09-09
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ հայտարարում է լրագրողների մրցույթ «ԴիջիԹեք` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով:

Մրցույթի նպատակներն են`
•    խթանել Հայաստանի Տեղեկատվական և Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումը,
•    բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին,
•    խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:

Քանի որ ԴիջիԹեք ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն  է և արտացոլում է ոլորտի առաջընթացը, զարգացումները, միությունը որոշեց մրցույթը հայտարարել հենց ցուցահանդեսին նվիրված: 

Անվանակարգ Մրցանակ
Լավագույն հոդված 50.000 դրամ
Լավագույն հարցազրույց
50.000 դրամ
Լավագույն ռեպորտաժ 70.000 դրամ

Նյութերը պետք է հրապարակված/հեռարձակված լինեն 2011 թվականի սեպտեմբերի 9-ից մինչ հոկտեմբերի 20-ը ներառյալ ժամանակահատվածում: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է: 

Լրացուցիչ տեղեկությունների համար` 010 54-88-81(82), 091 65-34-99, press@uite.org
Պատասխանատու` Ռուզան Ապրեսյան  

62 կազմակերպություն արդեն հայտ է ներկայացրել մասնակցելու ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին 2011-09-09
ԴիջիԹեք ցուցահանդեսը, որը   տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, արդեն իր շուրջն է հավաքել 62 կազմակերպություն:  Ներկա դրությամբ ցուցահանդեսային տարածքի առաջին հարկն ամբողջությամբ զբաղեցված է, իսկ երկրորդ հարկը` 60%-ով: 

Ցուցահանդեսին հայտ ներկայացրած կազմակերպություններից են` «Ապագա Թեքնոլոջիս», «Վիասֆեր Տեխնոպարկ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Յունիքոմփ», «Ինստիգեյթ», «Բեառգամի», «Իքս-Արթ», «ՋիԷնՍի-Ալֆա», Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ, «Նեյշընլ Ինսթրումենթս», «ԼանԱր Սերվիս», «Ալտակոդ», «Նորք» ՏՎԿ, «Սինոփսիս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշն», «Մաքստրոնիկ», «Մայքրոսոֆթ», «Ռեդինետ», «Յունիթել», «ԷփիջիԱրմ», «Ինտերակտիվ Վորլդ», «Իննովասիս», «Ռևոտեք», Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն, «Արթին Վարուժան» ՓԲԸ, «Վիպմա», «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ, «Իքս-Թեք», «Սփյուռ» տեղեկատվական կենտրոն և այլն: 

«Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները: 

Այս տարի առանձին տաղավարով ցուցահանդեսում կներկայանա նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: 

Ակնկալվում է, որ ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը կունենա 18.000 այցելու և 100 մասնակից ընկերություն: Ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 07-09-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ, կազմակերպիչ` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն:

«Ճարտարագիտության աշխարհը» ԴիջիԹեք 2011 միջազգային ցուցահանդեսում 2011-09-01
ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսի «Ճարտարագիտության աշխարհ» բաժինն այս տարի կներկայացվի ավելի քան 30 հայկական և մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերությունների կողմից, որոնք հանդես կգան տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: 

«Ճարտարագիտության աշխարհը» կներառի ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները: Ճարտարագիտական բիզնես և հայկական տեխնոլոգիաների արտահանում բաժիններում կներկայանան մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող, մարքեթինգային, բրոքերային, ֆինանսական, հաշվապահական և այլ կազմակերպություններ, որոնք կառաջարկեն իրենց ծառայությունները նորաստեղծ ճարտարագիտական ընկերություններին:  

Ներկայացվելու են ճարտարագիտական նորարարական լուծումներ ոչ միայն արդեն կայացած, այլև տասնյակ նորաստեղծ ընկերությունների կողմից, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները: Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն թայվանական Դ-Լինկ ընկերության ինժեներական ստորաբաժանումը, սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերությունը, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս և այլ կազմակերպություններ:

ԴիջիԹեք ցուցահանդեսի ընթացքում այս տարի առաջին անգամ կանցկացվի ՏՏ աշխատանքային տոնավաճառ, որի շրջանակներում ճարտարագիտական ընկերությունները, ինչպես նաև տոնավաճառին մասնակցող մյուս ընկերությունները, կսպասեն ինժեներական կրթություն ստացած կամ ՏՏ ոլորտում աշխատել ցանկացող երիտասարդներին և տեղում կներկայացնեն իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: Արդյունքում տեղի կունենա գործատուի հետ անմիջական հանդիպում, ինչն էլ ռեալ հնարավորություն է աշխատանք ձեռք բերելու համար:

Տեղեկատվական և հեռահաղորկակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) 7-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 07-09-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ:

ԴիջիԹեք ցուցահանդեսի ինֆորմացիոն հովանավորներն են` Arka լրատվական գործակալությունը, Pcnews.am,  panorama.am, panarmenian.net, youth.am, ireport.am, banker.am լրատվական կայքերը, «Առավոտ», «Իրատես դե ֆակտո», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «168 ժամ», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ինֆո-Մարկետ» թերթերը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը, «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները:  
 

Երևանի բնակիչներն ականատես կլինեն ռոբոտների քաղաքային ցուցադրությունների
2011-08-04
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակում նախատեսում է հուլիս ամսից կազմակերպել առաջնությանը մասնակցած ռոբոտների քաղաքային ցուցադրություններ:

Ցուցադրությունների նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին ԱրմՌոբոտիքսի մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև հետաքրքիր դարձնել Երևանի բնակիչների ամառային առօրյան:

Ցուցադրությունները կանցկացվեն հետևյալ վայրերում համապատասխան ժամանակացույցով`
  • Շ. Ազնավուրի անվան հրապարակ - հուլիսի 19, ժամը 19:00
  • Թումանյանի անվան այգի – հուլիսի 22, ժամը 19:00
  • Ազատության հրապարակ – օգոստոսի 5, ժամը 19:00
  • Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգի – օգօոստոսի 12, ժամը 19:00
  • «Սիրահարների» զբոսայգի – սեպտեմբերի 1, ժամը 19:00

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ կարևորում է ռոբոտաշինության վերականգնումը և զարգացումը Հայաստանում: «Առաջնության միջոցով նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Բացի այդ, մրցույթները, ակումբները, խմբակները, ցուցադրությունները լավագույն միջոցներն են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:  

ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես կարևորում է երիտասարդների ներուժը ռոբոտաշինության զարգացման գործում. «ԱրմՌոբոտիքսի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ և ԻՏՁՄ համագործակցությամբ ուզում ենք ապացուցել, որ հայ երիտասարդներն ունակ են ռոբոտաշինության ոլորտը բարձրացնել միջազգային մակարդակի: Մեզ հարկավոր է, որ մեր հայրենիքում այս ոլորտը զարգանա, ինչի արդյունքում կզարգանան նաև տնտեսության այլ ճյուղերը»: 
 
Նշենք, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորն է «Առվա» ընկերությունը: 

ԴիջիԹեք ցուցահանդես` ամենամյա տոն տեխնոլոգիական հայության համար
2011-08-04
Տեղեկատվական և հեռահաղորկակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ԲՏ/ յոթերորդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 07-09-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում: Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: «Նեյշնլ Ինսթրումնեթս», «Մայքրոսոֆթ», «Դ-Լինկ», «Յուքոմ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Յունիքոմփ», «Ռեդինետ», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս» և մի շարք այլ կազմակերպություններ արդեն իսկ հայտնել են իրենց ակտիվ մասնակցության մասին: 

Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները`

  • The World of Engineering – Ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն
  • ՏՏ աշխատանքային շուկա – Տեխնոլոգիական ոլորտում աշխատելու ցանկություն ունեցողները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, թողնել իրենց ինքնակենսագրականները:
  • DigiTec Startup հատված – Ցուցադրվում են նորաստեղծ ընկերություններ և նորարարական  լուծումներ
  • Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն
  • ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն

 «Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«ԴիջիԹեք միջազգային ՏՀՏ/ԲՏ ցուցահանդեսը հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ գնալ ձգտող կազմակերպություններին հնարավորություն է տալիս խոսել նորարարությունների լեզվով: Հաջողակ բիզնեսը ենթադրում է զարգացման արագ տեմպին համարժեք արձագանք և հետևողականություն` նոր հնարավորությունների բացահայտման հարցում: ՏՏ ոլորտն այդ նոր հնարավորությունների, բացահայտումների և նվաճումների ճանապարհ է»,- ասում է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

2010 թվականին ցուցահանդեսին մասնակցեցին 68 ընկերություն և այցելեց մոտ 15.000 այցելու: Այս տարի ակնկալվում է 100 ընկերության մասնակցություն և 20.000 այցելություն:

Ավարտվեց 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը 2011-07-06
4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը հունիսի 24-25-ը իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողներին և գործարար սպառողներին: ՏՀՏ ընկերությունները ներկայացրեցին իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումները, բիզնեսի ավտոմատացման ծրագրերը, ինովացիոն մոտեցումները,  իսկ բիզնեսի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան գնահատել` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը և այլն:

Ֆորումի ընթացքում իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ինովացիոն մոտեցումները ներկայացրեցին շուրջ 30 կազմակերպություններ, որոնք են` «ԱրմենՏել», «Մայքրոսոֆթ», «Յունիքոմփ», «Ինտերակտիվ Վորլդ», «Այքան Քոմունիքեյշնս», «ԹԱՍԿ», «Շիրակ տեխնոլոգիաներ», «Իննովասիս», «Սեվեն Սմարթս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Շահումյան Մեդիա», «ԱՅ-ԹԻ Լոջիք», Մեմկոսոֆթ, «Դ-Լինկ», «Յունիթել», «Սաբիո Սթրաթեջիս», «Նեոմեդիա» ընկերությունները, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնը, «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը, Եվրասիա միջազգային համալսարանը («Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրով), CDPF-ը:

Իրենց երկրի բիզնես ոլորտի ՏՏ լուծումները ներկայացրեցին նաև վրացական 5 ընկերություններ` CIMS ConsultingProf., GEC Developments Corporation, P.H. Navigator, DPA, PIK Web Portal, և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ հայ-վրացական բիզնես ֆորում: «Հայկական ու վրացական ընկերությունների միջև լուրջ համագորցակցության փոխադարձ ցանկություն կա: Մոտ երկու ամիս առաջ մենք բիզնես ֆորում կազմակերպեցինք  Վրաստանում, և ԴիջիԹեք բիզնես ‎ֆորումում վրացական ընկերությունների մասնակցությունը  համագործակցության հաջորդ քայլն էր»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ֆորումի ընթացքում  կնքվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի միջև, որի նպատակն էր նպաստել ՀՀ կրթական, ֆինանսական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: 

Նշենք, որ ֆորումի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:


ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի մեկնարկին մնացել է ընդամենը մի քանի օր 2011-06-21
«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի մեկնարկին մնացել է ընդամենը մի քանի օր: Հունիսի 24-25-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրում տեղի կունենա բիզնես ֆորումը, որին զուգահեռ կանցկացվի նաև Մայքրոսոթֆ Ինովացիոն ֆորումը:

Դեռևս 2008 թվականից  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), առաջնային նպատակ հայտարարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում, կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը. «Հայաստանի տարբեր ոլորտներում բիզնես կիրառումների ներդրման անհրաժեշտություն կա: Իրավիճակը էապես փոխելու և երկրի տնտեսությունը խթանելու համար անհրաժեշտ է այնպիսի միջավայր, որտեղ գործարարները և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայություններ մատուցողները հանդիպեն ու քննարկեն իրենց խնդիրները: DigiTec բիզնես ֆորումը հենց այդ միջավայրն է»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Որպեսզի միջոցառում այցելեն միայն թիրախային խմբերը, ֆորումի մուտքը կլինի միայն հրավիրատոմսերով կամ տոմսերով: Տոմսերի արժեքը սինվոլիկ է` 6000 դրամ: Տոմսեր գնած այցելուները հնարավորություն կունենան նաև մասնակցել խաղարկությանը, որի շրջանակներում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության` «ԱրմենՏել»-ի կողմից հաղթողին կշնորհվի Samsung հեռախոս և «Hi-Line» ինտերնետ-ծառայությունից մեկ տարի անվճար օգտվելու հնարավորություն, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից` Wireless Desktop 800 (անլար մկնիկ, ստեղնաշար):  
 
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի ընթացքում «ԱրմենՏել» և «Մայքրոսոֆթ» ընկերությունները կներկայացնեն «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայուոթյունները:

Ֆորումի գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

DigiTec բիզնես ֆորումում խրախուսվում է նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը
2011-06-03
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) խրախուսում է սկսնակ ընկերությունների մասնակցությունը DigiTec բիզնես ֆորումի շրջանակներում և նրանց համար սահմանել է հատուկ մասնակցության պայմաններ: «Նորաստեղծ ընկերություններին սատարելը ռազմավարական խնդիր է մեզ համար: Մեր հիմնական նպատակն է քաջալերել նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ մասնագետներին, սկսնակ գործարարներին: DigiTec բիզնես ֆորումը բավականին լավ հարթակ է, որպեսզի այդ ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց ապրանքներն ու ծառայությունները` ներկայանալով թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) համայնքին, թե՛ ավելի լայն լսարանին»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

ԻՏՁՄ սահմանումով նորաստեղծ ընկերություն է համարվում 2008 թվականի հունիսի 1-ից ոչ շուտ պետական գրանցում ստացած ընկերությունները, որոնց էլ կտրամադրվեն հետևյալ մասնակցության պայմանները` 
  1. Մինչև 4 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 50% զեղչ` սկսնակ ընկերությունների կոնսոլիդացված տաղավարի մեջ ընդգրկվելու դեպքում:
  2. Մինչև 3 ՏՀՏ/ԲՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին կտրամադրվի 20% զեղչ` առանձնացված տաղավարներով ներկայանալու դեպքում:
  3. Բոլոր ներգրավված  ընկերություններին ԱՆՎՃԱՐ կտրամադրվի 30 րոպե տևողությամբ գործարար ներկայացման հնարավորություն բիզնես ֆորումի կոնֆերանսների շրջանակում:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կտրամադրի նաև մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն բոլոր մասնակից ընկերություններին, թե ինչպես պատրաստվել և ներկայանալ ցուցահանդեսին, ներգրավել հաճախորդներին, խթանել վաճառքները և այլն:  

Վերոնշյալ հնարավորությունները տրամադրվելու են «վաղ գրանցում - First come-first serve» սկզբունքը հաշվի առնելով:

Այս տարի DigiTec բիզնես ֆորումը կազմակերպվում է հունիսի 24-25-ը Microsoft Innovation Ֆորումի հետ համատեղ` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի կազմակերպիչը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն է, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline), պաշտոնական գործընկերը` Microsoft ընկերությունը: Ֆորումը կազմակերպվում է ՀՀ Վարչապետի Բարձր Հովանու ներքո:

DigiTec Business  ֆորում 2011. ե՞րբ հնարավոր կլինի ակնկալել տեխնոլոգիական առաջընթաց 2011-05-25
Մայիսի 25-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս «DigiTec Business  ֆորում 2011. ե՞րբ հնարավոր կլինի ակնկալել տեխնոլոգիական առաջընթաց»  թեմայով:  Բանախոսներն էին`  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (կազմակերպիչ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) (գլխավոր գործընկեր) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերության (պաշտոնական հովանավոր) տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող DigiTec Բիզնես ֆորումը, որի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները,  այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում, որին զուգահեռ կանցկացվի նաև  Մայքրոսոֆթ Նորարարության ֆորումը (Microsoft Innovation Forum):

«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումի ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, DigiTec Business ցուցահանդես, որի շրջանակներում ՏՀՏ ոլորտի շուրջ 40 ընկերություններ կներկայացնեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար: Նախատեսված է Start up ֆորում, որին կմասնակցեն շուրջ 10 հայաստանյան նորաստեղծ ՏՀՏ ընկերություններ:

Ֆորումի ընթացքում Սինգապուրից ժամանած պատվիրակությունը կներկայացնի աշխարհի ամենաաղքատ երկրից ամենազարգացող պետություններից մեկը  դառնալու սինգապուրյան փորձը, ինչը հետաքրքիր կլինի թե՛ տեխնոլոգիական ոլորտի, թե կառավարության, թե՛ գործարարների համար: DigiTec բիզնես ֆորումին զուգահեռ կանցկացվի նաև հայ-վրացական բիզնես ֆորում, որի նպատակն է խթանել 2 երկրների բիզնես համագործակցությունը:

Մի շարք ընկություններ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը միջոցառմանը. «Ֆորումի մասնակիցներն ու այցելուները հիմնականում ամենաառաջադեմ ընկերություններն են: Այն ընկերությունները, որոնց համար տեխնոլոգիաների կիրառումն էական չէ, հիմնականում ոչ մրցակցային դաշտում են գտնվող: DigiTec բիզնես ֆորումին մասնակցում են այն ընկերությունները, որոնք լուրջ ամբիցիաներ ունեն իրենց բնագավառում, և այդ ամբիցիաներն իրականացնելու, ժամանակակից ու արդիական լինելու համար բիզնես լուծումներ կիրառելու անհրաժեշտություն են տեսնում»,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօերն Կարեն Վարդանյանը: 

«Լինելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերություն` «ԱրմենՏել»-ը մի կողմից հանդիսանում է բարձր տեխնոլոգիական լուծումների պատվիրատու, մյուս կողմից` մատակարար: Այսօր դժվար է պատկերացնել մի բնագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Այս առումով չափազանց մեծ է DigiTec Բիզնես ֆորումի դերը, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու այն առավելություններին, որ կարող է տրամադրել ՏՀՏ գործիքների կիրառումն իրենց բիզնեսում», - նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«ՏՀՏ արտադրանքների լայնածավալ օգտագործումը ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր հատվածում, մեծապես խթանում է մրցունակության և արտադրողականության բարձրացմանը: «Մայքրոսոֆթ»-ի համար բիզնես ֆորումը յուրահատուկ հնարավորություն է ներկայացնելու իր ամենաարդիական ծրագրային փաթեթները, հանդիպել առկա և պոտենցիալ գործընկերների և հաճախորդների հետ, քննարկել համագործակցության բոլոր հարցերը և հնարավերությունները, հայտարարել նոր նախաձեռնությունների մասին»,- ասում է «Մայքրոսոֆթ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Միջոցառման կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը /ԻՏՁՄ/, գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և պաշտոնական հովանավորը` «Մայքրոսոֆթ» ընկերություն:

Հունիսի 18-ին տեղի կունենա Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության եզրափակիչ փուլը և խաղերի ցուցահանդեսը 2011-05-17
Ավարտվեց Համակարգչային խաղերի նախագծման “Բաց Խաղ” Հայաստանի բաց առաջնութան առաջին փուլը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց մշակած խաղերի սցենարը: Մինչ եզրափակիչ փուլը կանցկացվեն ևս 2 մրցութային փուլեր, , որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն խաղերի գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները: 4-րդ` եզրափակիչ փուլում, մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ:

Մրցույթների արդյունքները կամփոփվեն արդեն հունիսի 18-ին` մրցանակաբաշխության օրը, որի շրջանակներում կանցկացվի նաև ցուցահանդես «Orange Արմենիա» ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում, և կներկայացվեն ոչ միայն մասնակիցների նախագծած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող ընկերություններ: 

Մինչ այժմ գրանցվել են 25 մասնակից, որոնց գերաշռող մասն ուսանողներ են Երևանի Պետական Համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետից, Երևանի Գեղարվեստի Պետական Աադեմիայից, ՀՊՃՀ-ից /Պոլիտեխնիկ/, Հայաստանի Բաց Համալսարանից: Մասնակիցների թվում են նաև  դպրոցականներ  և 2 ընկերություն: Մրցույթը բաց է նոր մասնակիցների գրանցման համար մինչև 3-րդ փուլը ներառյալ:

Համակարգչային խաղերի նախագծման «Բաց Խաղ» առաջնությունը համատեղ կազմակերպել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «Orange Արմենիա» ընկերությունը:

4-րդ ամենամյա DigiTec Business ֆորում 2011-05-13
4-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը, որի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները, այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ը «Արմենիա Մարիոթ»  հյուրանոցային համալիրում: 

Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), իսկ գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Միջոցառմանն իրենց մասնակցության մասին արդեն իսկ հայտնել են Շիրակ Տեխնոլոգիաներ, Շահումյան Մեդիա, Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս, Յունիքոմփ ընկերությունները, Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը և այլ կազմակերպություններ: 

«Աշխարհի տարբեր երկրներում արդեն իսկ բարձր են գնահատվում հայկական ընկերությունների և մասնագետների կողմից մշակված արտադրանքը և տրամադրվող ծառայությունները: Ժամանակն է, որ այդ ներուժն օգտագործվի նաև տեղական շուկայում և ծառայի ներքին խնդիրների լուծմանը: DigiTec Business ֆորումը հենց այն տեղն է, որտեղ մեր տեղական ՏՀՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքը, մշակումները, ծրագրային փաթեթները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատեն` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը և այլն»,- նշում է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Օրեցօր աճում է գործարարների հետաքրքրությունը բիզնեսի կառավարման համակարգերի նկատմամբ, որոնք այսօրվա մրցակցային պայմաններում կրիտիկական դեր են խաղում արդի բիզնեսի զարգացման համար: Հաշվի առնելով այս ամենը` Միությունն իր կողմից առաջնային նպատակ է հայտարարել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության այլ ոլորտներում, և շատ ողջունելի է «ԱրմենՏել» ընկերության` որպես գլխավոր գործընկերոջ աջակցությունը բիզնես ֆորումին, ինչը կարծում ենք` նոր զարկ կհաղորդի միջոցառմանը»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, Տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ:

Մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնությունը 2011-05-09
Մայիսի 4-ին մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնությունը, որը կազմակերպել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, որը հնարավորություն կտա ստեղծել նոր բիզնես միջավայր, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին, ովքեր հնարավորություն կունենան իրականացնել իրենց մտահղացումները և կմասնակցեն լավագույն ՏՏ ընկերություններում նախագծերի իրականացմանը:

«Խաղերի ոլորտն այնքանով է տարբերվում այլ ոլորտներից, որ բացի ՏՏ մասնագետներից այստեղ կարելի է ներառել այլ մասնագետների՝ անիմացիա պատրաստողներ, նկարիչներ, սցենարիստներ, երաժիշտներ, դիզայներներ: Առաջնության միջոցով ցանկանում ենք ի հայտ բերել այդ մարդկանց, ստեղծել կրիտիկական զանգված, որպեսզի ձևավորվեն նոր ընկերություններ կամ եղած ընկերությունները կարողանան նրանց աշխատանք տալ: Մենք հույս ունենք, որ այս մրցույթից հետո կավելանա mobile app-եր գրողների քանակը, քանի որ այդ շուկան շատ արագ է աճում և տարածում գտնում Հայաստանում»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ըստ DISCOVERY Research Group-ի` Ռուսաստանի Դաշնությունում 2010թ Համակարգչային Խաղերի շուկայի  ծավալը հասել էր 540 մլն ԱՄՆ դոլարի, իսկ համաշխարային շուկայինը կազմում է 42 մլրդ: Կարծում ենք, որ սա այն ոլորտներից է, որ դեռ բավականաչափ չի հետազոտվել ու շահագործվել Հայաստանում: Կարծում ենք, որ ժամանակն է նաև Հայաստանում խրախուսել հայ ծրագրավորողներին` փորձել ուժերն այս ոլորտում:

«Համակարգչային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում: Նոր, սակայն շատ դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է հեռախոսների համար նախատեսված խաղային ծրագրերի և հավելվածների ոլորտը: Այս համատեսքստում հայկական բովանդակությունը պետք է հետ չմնա համաշխարհային զարգացումներից: Հուսով ենք, որ այս առաջնությունը մեզ թույլ կտա վեր հանել տաղանդներին ու գտնել նրանց գաղափարների իրականացման համար լավագույն ուղիները»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Առաջնությունն  անցկացվելու է 4 փուլով և ունենալու է 7 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն և Լավագույն շարժական հավելված-խաղ: Յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց կողմից նախագծված համակարգչային խաղերը` խաղի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը և տեխնիկական հնարավորությունները, որոնց համար կգնահատվեն ժյուրիի կողմից: Ժյուրիի կազմում են  Orange Armenia, MicroSoft, Sourcio, Teoken, Tx Systems, Triada, P-Art ընկերությունները, Association of Modern Technologies Professionals ասոցիացիան, National Professional Cybersport League-ը:

Մինչ այժմ գրանցվել են 23 մասնակից, որոնց գերաշռող մասն ուսանողներ են ԵՊՀ Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետից, Գեղարվեստի Աադեմիայից, ՀՊՃՀ-ից /Պոլիտեխնիկ/, Հայաստանի Բաց Համալսարանից: Մինչև 3-րդ փուլը ներառյալ կարող են գրանցվել նոր մասնակիցներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կկորցնեն մինչև մասնակցության հայտը ներկայացնելու օրը անցկացված փուլերի միավորները: 4-րդ` եզրափակիչ փուլում, մասնակիցները կներկայացնեն խաղերն ամբողջությամբ և կորոշվի լավագույն խաղը, իսկ բոլոր կատեգորիաների հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ: Ընդհանուր մրցանակային բյուջեն կազմում է 1.300.000 դրամ, որից 300.000-ը կստանա «Լավագույն խաղ» անվանակարգի հաղթողը:

Մրցանակաբաշխության օրը Orange-ի Հյուսիսային պողոտայում գտնվող գլխավոր խանութի ստորին հարկում առավոտից մինչև երեկո կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաև համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ընկերություններ:

Առաջնության շրջանակներում տեղի կունենան նաև համակարգչային խաղերի նախագծման դասընթացներ, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել սկսնակներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ խաղերի նախագծման, դիզայնի և անիմացիայի ոլորտում: 
 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)  և «Orange Արմենիա» ընկերությունը  համակարգչային խաղերի նախագծման առաջնության եղած 6 անվանակարգերին ավելացրեցին ևս մեկը` Լավագույն շարժական հավելված-խաղ անվանակարգը: 2011-05-04

Բանկային ոլորտը ծանոթացավ հայկական ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին

2011-04-04

Մարտի 25-ին և 31-ին բանկային ոլորտը ծանոթացավ հայկական 16 ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» միջոցառման անդրանիկ հանդիպման ընթացքում: Ցանցային համակարգերի, անվտանգության լուծումներ, հաճախորդների հետ շփումը նորագույն հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, փաստաթղթերի կառավարման և Էլեկտրոնային արխիվացման լուծումներ, հերթերի կառավարման, բանկային վճարային և ինֆորմացիոն տերմինալներ` այս և այլ ծառայություններով ու լուծումներով հանդես եկան iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները:

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» միջոցառումը նոր նախագիծ է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ կողմից, որն ուղեկցվելու է հանդիպումների շարքով բանկային, շինարարության, բժշկության և դեղագործության, հանքարդյունաբերության, ոսկերչության, առևտրի/պահեստավորման, ապահովագրության, սննդային/ոչ սննդային արդյունաբերության, տրանսպորտի, տուրիզմի, գյուղատնտեսության և կրթության ոլորտների համար: «Միջոցառումը մի կողմից կօգնի հայաստանյան բիզնեսին ծանոթանալ տեղի ՏՏ ընկերությունների հնարավորություններին, մյուս կողմից` ՏՏ ընկերություններին կօգնի հասկանալ հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտների կարիքները»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Միջոցառման դերը կարևորում են մասնակից ընկերությունները և բանկերի ներկայացուցիչները: «Տեղեկատվական տեխնոլոգիաները կարևորագույն դեր և նշանակություն ունեն բանկային ծառայությունների որակի բարձրացման և արդի ծառայությունների ներդրման գործում: Ուստի, այս միջոցառումը հնարավորություն է տալիս բանկերին ծանոթանալ իրենց նպատակներին ծառայող տեխնոլոգիական նորամուծություններին»,- նշում է Էյչ-Էս-Բի-Սի բանկի ներկայացուցիչ Արմինե Ոսկանյանը:

«Մենք կատարեցինք մեր հետևությունները մեր համակարգի մասին` ելնելով հարցերից և առաջարկություններից»,-ասում է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը: «Դամարիս» ընկերության ներկայացուցիչ Արփի Աճեմյանի խոսքերով միջոցառումը հնարավորություն տվեց նաև առավել ընդլայնված ծանոթանալ ՏՀՏ ոլորտի մրցակից գործընկերների առաջարկած լուծումներին: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսի համար» բանկերին նվիրված թեմատիկ հանդիպման աջակիցներն էին Հայաստանի Բանկերի Միությունը  և  ՀՀ  Կենտրոնական Բանկը:

Նախատեսվում է, որ հաջորդ թեմատիկ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին և նվիրված կլինի բժշկությանն ու դեղագործությանը:   


Բիզնես + Տեխնոլոգիա` զարգացման նոր նախագիծ
2011-03-24
Ներկայիս մրցակցային միջավայրում ծառայությունների որակի և բիզնեսի արդյունավետության բարձրացումը, հաճախորդների, գույքի և ակտիվների կառավարումը կարևորագույն գործոններ են բիզնեսի հաջողության համար: Նմանատիպ խնդիրների լուծումն այսօր մեծապես կապված է բիզնեսի տեխնոլոգիական վերազինումից: 
 
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (UITE) ձեռնարկում է նոր նախագիծ` «Տեղեկատվական Տեխնոլոգիաները բիզնեսի համար» թեմատիկ հանդիպումների շարք, որի նպատակն է տնտեսության տարբեր ոլորտների գործարարներին ներկայացնել կիրառելի տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև նրանց մշտապես իրազեկ պահել տեխնոլոգիական նորություններին: 

Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր ամիս շահագրգիռ բիզնես ձեռնարկությունների համար կանցկացվի թեմատիկ հանդիպում ՏՀՏ ընկերությունների հետ, որի ընթացքում գործարարները հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց հետաքրքրող տեխնոլոգիական բոլոր լուծումներին մեկ վայրում, ինչպես նաև համատեղ քննարկել փոփոխվող շուկայի պայմաններում պահանջները նոր տեխնոլոգիաների նկատմամբ:
Հանդիպումների շարքի շրջանակում կընդգրկվեն հետևյալ ոլորտները` բանկեր, շինարարություն, բժշկություն և ֆարմացևտիկա, հանքարդյունաբերություն, ոսկերչություն, առևտուր/պահեստավորում, ապահովագրություն, սննդային արդյունաբերություն, ոչ սննդային արդյունաբերություն, տրանսպորտ, տուրիզմ, գյուղատնտեսություն, կրթություն:

Միջոցառման անդրանիկ հանդիպումը տեղի կունենա ս.թ. մարտի 25-ին ու 31-ին և նվիրված կլինի տեխնոլոգիաների կիրառմանը բանկային ոլորտում: Միջոցառման սկիզբը ժամը 10:00 է, իսկ մինչ այդ` 09:40-ին, լրագրողների համար տեղի կունենա բրիֆինգ, որը կվարեն ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և Հայաստանի Բանկերի Միության տնօրեն Սեյրան Սարգսյանը: Միջոցառումը կանցկացվի Հայաստանի Բանկերի Միության գրասենյակի դահլիճում /Կորյունի փող., 19ա շենք, 6¬րդ հարկ/: 

Անդրանիկ հանդիպման ընթացքում բանկային ոլորտին ուղղված տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն iCON Communications, GNC-Alfa, Norq, CQG IMA, Shirak Technologies/SAP, Apaga Technologies, FlexAp, McAfee, EpygiArm, ArmSoft, Lime Tech, CHS Vericell, Damaris, Smart Tech, Alfa/Polycom ընկերությունները: Միջոցառումը կիրականացվի Հայաստանի Բանկերի Միության և  ՀՀ  Կենտրոնական Բանկի աջակցությամբ:

Ռոբոտները դասակարգեցին իրերը և գծին հետևեցին   2011-03-10
Մարտի 4-ին և 5-ին տեղի ունեցան ԱրմՌոբոտիքսի «Գծին հետևող ռոբոտ» և «Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթների եզրափակիչ փուլերը:

«Գծին հետևող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 3 թիմ` Առվակ, Ի-բոթ, Լայն Չեյսեր, որոնց մեջ մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ`
I-ին տեղ զբաղեցրեց Լայն Չեյսեր թիմը, որի ռոբոտն իր առջև դրված խնդիրն անսխալ կատարեց 1.09 ժամանակահատվածում և հավաքեց 355 միավոր: Մրցանակն է  200.000 դրամ:
I I -րդ տեղ  զբաղեցրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Առվակ թիմը` հավաքելով 315 միավոր:  Մրցանակն է  100.000 դրամ:
Խրախուսական մրցանակ ստացավ Ի-բոթ թիմը` 30.000 դրամ, քանի որ ծրագրային խնդիրների պատճառով ռոբոտը չկատարեց իր առջև դրված խնդիրը:

Ռոբոտի առջև դրված խնդիրն էր շարժվել սպիտակ դաշտի վրա գծված սև գծերի ուղղությամբ և անցնել 270մմ բարձրությամբ թունելի միջով: 

«Իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 3 թիմ` Պոլիտեխնիկ, Ռևոտեք, Թիմ ԻՔՍ, որոնց մեջ մրցանակները բաշխվեցին հետևյալ կերպ`

I-ին տեղ զբաղեցրերց Ռևոտեք թիմը` հավաքելով 193 միավոր: Մրցանակն է 300.000 դրամ: 
Խրախուսական մրցանակներ ստացան Թիմ ԻՔՍ-ը (32 միավոր) և ՀՊՃՀ-ի /Պոլիտեխնիկ/ վարժարանի Պոլիտեխնիկ թիմը (21 միավոր)` ստանալով 50.000-ական դրամ:
Ռոբոտի առջև դրված խնդիրն էր տարբերել թենիսի գնդակներն ու  հյութի տարաները և դասկարգել դրանք համապատասխան փոսիկներում:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ կարևորում է ռոբոտաշինության վերականգնումը և զարգացումը Հայաստանում: «Մրցույթների միջոցով նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Բացի այդ, մրցույթները լավագույն միջոց են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Մրցույթները հնարավոր եղան իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության շնորհիվ, որը հանդիսանում է ԱրմՌոբոտիքսի գլխավոր հովանավորը: Առաջնության տեխնիկական հովանավորն է Հուրնեթ ընկերությունը:

Համակարգչային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնություն
2011-02-09
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) առաջին անգամ Հայաստանում  նախաձեռնում է  Համակարգչային Խաղերի Նախագծման Հայաստանի Բաց Առաջնությունը, որը կմեկնարկի 2011 թվականին: Առաջնության  նպատակն է բացահայտել նոր տաղանդներ, զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը:
Առաջնությունն  անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ` Լավագույն խաղ, Սցենար, Լավագույն Կերպար, Դիզայն, Անիմացիա, Նորարարություն: 

Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի լավագույն ՏՏ /Տեղեկատվական Տեխնոլոգիաներ/ ընկերություններում  մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների: 

Մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Ցանկացողները կարող են մասնակցել նախապես ձևավորված թիմով կամ որպես անհատ: Խաղերի նախագծման համար նախապայմաններ, սահմանափակումներ չկան, մասնակիցը կարող է նախագծել ինտերնետի, համակարգչի կամ բջջային հեռախոսների համար նախատեսված խաղեր, ինչպես նաև ընտրել խաղերի նախագծման համար իրեն հարմար ծրագրավորման լեզուն:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անիմացիայի, խաղերի նախագծման մասնագետներ, սցենարիստներ, ծրագրավորողներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում: 

Մրցույթն անցկացվում է P-Art, Sourcio, Plexonic, Tx Systems, Triada, Robert Saakyants Production, MicroSoft ընկերությունների, Association of Modern Technologies Professionals ասոցիացիայի, National Professional Cybersport League-ի աջակցությամբ:  

Ցանկացողները գրանցման հայտ կարող են ներկայացնել մարտի 15-ը: Մրցույթի եզրափակիչ նախատեսվում է անցկացնել մարտ-ապրիլ ամիսներին: 



ՏՀՏ լիդերները փետրվարի 18-20-ը հավաքվում են արտագնա հանդիպման շրջանակներում 2011-02-09
Ս.թ. փետրվարի 18-20-ը Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) նախատեսում է կազմակերպել «ՏՀՏ լիդերների արտագնա հանդիպում» ֆորում, որը նվիրված կլինի ԻՏՁՄ նոր երկարաժամկետ (2011-2013) ռազմավարական պլանի և գործողությունների քսանամսյա ծրագրի ընդունմանը: Ռազմավարական պլանում առաջնահերթություն է տրվելու հետևյալ հիմնական ուղղություններին` «Շահերի պաշտպանություն և պետության հետ համագործակցություն», «Կրթություն և աշխատուժի զարգացում», «ՏՀՏ/ԲՏ ոլորտի զարգացում և ՏՏ հասարակության ձևավորում», «ԻՏՁՄ զարգացում և ընդլայնում»:

Նոր ռազմավարության մշակումը պայմանավորված է 2008-2010թթ. ռազմավարական պլանի ավարտմամբ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ ծրագրերն ու միջոցառումները` «Գյումրի քաղաքում ՏՀՏ ոլորտի նոր սկսնակ բիզնեսի զարգացման աջակցման ծրագիր», «Հարկային օրենսդրության բարեփոխումներ` համակարգիչների դուրս գրման նպատակով», «Մաքսային օրենսդրության բարեփոխումների ծրագիր», «Մաքսային և հարկային օրենսդրության բարեփոխումների` Պետություն-մասնավոր համագործակցություն համատեղ մարմնի ստեղծման միջոցով», Armtech, DigiTec ՏՀՏ/ԲՏ ցուցահանդես, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորում, DigiTec Business ֆորում, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթներ:

Այս անգամ ֆորումին մասնակցելու են միայն Միության անդամները, որոնց թիվը  2011թ. փետրվարի 1-ի դրությամբ հասել է 48-ի:   

Հանդիպում-ֆորումի ընթացքում քննարկված ռազմավարական պլանը վերջնականապես կհաստատվի և կընդունվի ս.թ. ապրիլին կայանալիք ԻՏՁՄ Համագումարի ընթացքում:

Էլեկտրոնային առևտրի զարգացման հիմնախնդիրները Հայաստանում 2010-12-09
Ս.թ. դեկտեմբեր 18-19-ը Աղվերանի «Աղվերան» հանգստյան տանը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորում, որը նվիրված է Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներին /e-commerce/: Ֆորումի օրակարգում`

•    Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային փողերի կարգավորումը /Կենտրոնական Բանկ/
•    ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգի տեսլականը՝ Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման վերաբերյալ
•    Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները
•    Էլեկտրոնային առևտրում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները
•    Հայաստանում Էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավոր մոդելների սկզբունքները
•    Այլ երկրների փորձը էլեկտրոնային առևտրի ոլորտում /Ռուսաստան, Վրաստան, Մակեդոնիա/
•    Էլեկտրոնային առևտրում լոգիստիկայի, տեխնիկական ապահովման և անվտանգության խնդիրները

Ֆորումի ամփոփումը կիրականացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ֆորումին կմասնակցեն նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Հայաստանում գործող առևտրային բանկերի և վճարային համակարգերի, ինչպես նաև արտերկրյա և հայաստանյան ՏՀՏ ընկերությունների, առևտրային բանկերի, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ։ 

Նշենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: Հանդիպում-ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունը` ՀՀ կառավարության և USAID/CAPS-ի աջակցությամբ:


ԴիջիԹեքը դարձավ տոն տեխնոլոգիական հայության համար
2010-11-25
ԴիջիԹեք 2010 ցուցահանդեսը սահմանեց նոր ռեկորդ` գերազանցելով նախկին տարիների բոլոր ցուցանիշները և դառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն միջոցառում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: ԴիջիԹեքը դարձավ տոն, որը միավորում է տեխնոլոգիական ոլորտը` ամեն տարի նոր, հետաքրքիր, բազմազան  դրսևորումներով:

Այս տարի Դիջիթեքին մասնակցեց 68 ընկերություն, ինչը 30 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի, իսկ այցելուների թիվը հասավ 16 հազարի` 12 հազարի փոխարեն: Ցուցադրող արտասահմանյան ընկերությունների և դրանց ներկայացուցչությունների թիվը կրկնապատկվեց` հասնելով 10-ի: Այցելուների մեջ մեծացել էր մասնագետների քանակը, իգական սեռի այցելուների քանակը կտրուկ աճել էր։ Մասնակից ընկերությունները նույնպես ավելի լավ էին պատրաստվել՝ իրենց տաղավարներում կազմակերպում էին սեփական միջոցառումներ, որպեսզի այցելուների համար տաղավար այցելելն ավելի հետաքրքիր լինի։ Այս տարվա ԴիջիԹեքի կարևոր նվաճումներից էր ինժեներական լուծումներ առաջարկող ընկերությունների աճը, որոնք 15-ն էին` 2009-ի 4 ընկերության փոխարեն:  

Մի քանի միջազգային ընկերություն ԴիջիԹեքի միջոցով մուտք գործեց Հայաստան։ Այդ շարքում է գերմանական «Կրոնե», «Սինգապուր թեքնոլոջիս» (ի դեմս «Սինգապուր կինետիքսի») ընկերությունները,  որոնք աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից են։

ԴիջիԹեք 2010-ի պլատինե հովանավորն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, իսկ գլխավոր հովանավորությունը ստանձնել էր «Դ-Լինկ» ընկերությունը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերջին նվաճումների կիրառումը բջջային կապի ոլորտում հանդիսանում է այն կարևոր գործոնը, որն արժևորում է ցուցահանդեսի պլատինե հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը ցուցահանդեսին ներկայացավ չորս տաղավարով և հազարավոր այցելուների ներկայացրեց ընկերության տեխնոլոգիական լուծումները և նորարարական ծառայությունները: Տեխնոլոգիական ամենակարևոր նորարարությունը, որը մոտ ապագայում պաշտոնապես գործարկելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, LTE (Երկարաժամկետ էվոլյուցիա) տեխնոլոգիան է, որի ներդրման շնորհիվ Հայաստանը կդասվի 4G ցանց ներդրած հազվագյուտ երկրների շարքին: 

Հետաքրքրական էր «Դ-Լինկ»-ի նախագահ Թոնի Ցաոյի 40 հոգանոց պատվիրակությամբ այցը, ով, որպես կանոն, այցելում է միայն աշխարհի խոշորագույն միջոցառումներ։ Դիջիթեք 2010 ցուցահանդեսի ընթացքում «Դ-Լինկ» ընկերությունն արձանագրեց աննախադեպ հետաքրքրություն իր արտադրանքի համալիր լուծումների նկատմամբ: «Բացի հազարավոր անհատ օգտագործողներից, մեր լուծումներով լրջորեն հետաքրքրվեցին մի քանի տասնյակ ընկերություններ` այդ թվում բանկեր, ինտերնետ պրովայդերներ և այլն»,- ասաց «Դ-Լինկ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը: Ցուցահանդեսի օրերին տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում կայացվեցին մի շարք որոշումներ, որոնք ուղղակիորեն առընչվում են ընկերության գործունեությանը Հայաստանում: Նախ` «Դ-Լինկ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը ստացավ տարածաշրջանային սպասարկման կենտրոնի կարգավիճակ, ինչը թույլ է տալիս ներկայացուցչությանն ուղիղ աշխատել ընկերության R&D (research and development) կենտրոնների հետ: Առավել կարևոր է երկրորդ որոշումը, որի կայացմանն էականորեն նպաստեցին այն փայլուն տպավորությունները, որ ընկերության ղեկավարները ստացան ԴիջիԹեք այցելության ընթացքում: Այդ որոշման համաձայն 2011 թվականի ընթացքում Հայաստանում կմեկնարկեն մի քանի պիլոտային նախագծեր ծրագրային ապահովման մշակման և սարքավորումների տեստավորման ուղղությամբ, որոնց հաջող ավարտի դեպքում կքննարկվի 2012 թվականի ընթացքում Հայաստանում «Դ-Լինկ»-ի R&D կենտրոնի հիմնադրման հարցը:

Շատ լուրջ էր «Նեյշնլ Ինստրումենտի» ներկայացումը ցուցահանդեսում, որի տաղավարի ընդհանուր անվանումն էր «Ճարտարագիտության աշխարհը»: Այն ամբողջությամբ ուղղված էր ինժեներության, տեխնոլոգիական մտքի քարոզին։ Այդ տաղավարում ներգրավված էին 14 կազմակերպություններ, որոնցից էին սինգապուրյան «Singapore Technologies Kinetics», ռուսաստանյան «Samara State Aerospace University», Technology Integration, Ինտերգրատոր, Գիտության և Տեխնիկայի Թանգարան, «Ճարտարագիտությունը սկսում է ավագ դպրոցում» պրոյեկտը և այլ ընկերություններ, որոնց ցուցադրությունը շատ մեծ ազդեցություն թողեց ցուցահանդեսի ընդհանուր որակի վրա:

Լուրջ հաջողություններ գրանցեցին «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (USAID/CAPS) ծրագրի կողմից հովանավորվող նորաստեղծ ընկերությունները, որոնց տաղավարները միջինում ունեցան 1000 այցելու, իսկ այցելուների 10%-ը,  ընկերությունների գնահատմամբ, իրենց  պոտենցիալ հաճախորդներն են: Ըստ CAPS-ի իրականացրած հետազոտության արդյունքների`  բոլոր 11 ընկերությունները մասնակցելու են նաև 2011թ. ցուցահանդեսին և մտադիր են  ավելի մեծ ներդրում կատարել մարկետինգային միջոցառումների մեջ:

«Լայմ–Տեխ» ընկերության հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանի խոսքերով միջոցառումը հիմք հանդիսացավ կապերը ստեղծելու համար, նույնիսկ այնպիսի կապեր, որոնք երկար ժամանակ ընկերությունը չէր կարողացել հաստատել: «Բավականին շատ այցելուներ եղան, հատկապես բիզնես ոլորտի մարդիկ ներկայացան, որոնցից էր Հարավկովկասյան երկաթուղիների տնօրենը, ում հետ սկսեցինք համագործակցությունը միջոցառումի ավարտից անմիջապես 2 օր հետո: Մոտակա ժամանակներս պատրաստվում ենք 3-ից ավել լուծումներ ներկայացնել նրանց»,- ասաց Գևորգ Սաֆարյանը: Ընկերությունը սկսել է համագործակցել նաև Ղարաբաղ Տելեկոմի հետ, ինչի արդյունքում «Լայմ–Տեխ»-ը կներկայանա Ղարաբաղում և կներկայացնի ընկերության լուծումները, նույնիսկ հնարավոր է մի քանի լուծումներ տեղադրվեն այս տարվա ընթացքում: «Հանդիպել ենք նաև Ղարաբաղի տնտեսական զարգացման նախարարի հետ և պետական մասշտաբի մի քանի նախագծեր ենք պատրաստում կազմակերպել Ղարաբաղում: Նաև քննարկել ենք մեր ընկերության ղարաբաղյան մասնաճյուղ հիմնադրելու գաղափարը»,- ներկայացրեց ընկերության տնօրենը:

«Շահումյան Մեդիա» ընկերությունը 3-4 խոշոր կազմակերպությունների հետ է սկսել բանակցել, որոնց հետ կապեր է հաստատել հենց ԴիջիԹեքի օրերին: «Դրանցից է «Օրրան» բարեգործական հիմնադրամը, որի հետ նախնական պայմանավորվածություն էինք ձեռք բերել, իսկ մետ օրերս կոնկրետ առաջարկը պետք է ներկայացնենք հիմնադրամի խորհրդին: «Սնապ Գրուպ», «Ինտեգրալ» ընկերությունների հետ ենք համագործակցում, բացի այդ ստեղծվելու է համազգային համացանց, որի աշխատանքային խմբերից մեկում մենք ենք ընդգրված»,- ներկայացրեց ընկերության հաջողությունները տնօրեն Արիկ Շահումյանը: Նրա խոսքերով կան նաև նախնական, բայց ռեալ պայմանավորվածություններ 6-7 միջին և փոքր ընկերությունների հետ: 

Ցուցահանդեսի ընթացքում «Մոբայլ Մեսիջինգ Սոլուշնզ» ընկերությունը պայմանավորվածություններ ձեռք բերեց ցուցահանդեսի մասնակից մյուս ընկերությունների հետ  և նրանց մեծ մասի հետ արդեն իսկ հաստատվել են համագործակցության շրջանակներ: Ընկերության տաղավարում ներկայացված էին մի շարք արդեն իսկ իրականացված և արտասահմանում գործող ծրագրեր, որոնք հետաքրքրեցին Հայաստանում աշխատող ընկերություններին, մասնավորապես X-Tech, IPSC, MSKH և այլն:

Ցուցահանդեսի արդյունքներից գոհ է նաև «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»  ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը. «Ցուցահանդեսի ընթացքում ռեալ կապեր հաստատեցինք մի շարք ընկերությունների հետ, ներկա դրությամբ 2 հաճախորդի հետ համագործակցության ակտիվ քննարկումներ ենք վարում, կան նաև ընկերությունների, որոնք հետաքրքրված են ներդնումներ անելով: Ցուցահանդեսը մեզ համար կարևորվեց նաև նրանով, որ մեր համահիմնադիրը (ազգությամբ ամերիկացի) ավելի մոտիկից ճանաչեց հայաստանյան շուկան»:

«Սփյուռ» տեղեկատվական կենտրոնի տաղավարը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում մշտապես լի էր այցելուներով: Այցելուները հետաքրքված էին հատկապես կենտրոնի ամենավերջին տեղեկատվական արտադրանքով՝ բջջային հրատարակմամբ: «ԴիջիԹեքում մենք ունեցանք հանդիպումներ ՏՏ ոլորտի նոր ընկերությունների հետ, որոնց հետ ձեռք բերեցինք որոշակի պայմանավորվածություններ մեր տեղեկատվական համակարգում ընդգրկվելու վերաբերյալ: Ստացանք նաև համագործակցության հետաքրքիր առաջարկներ՝ հագեցած ՏՏ ոլորտի նոր գաղափարներով»,- տեղեկացրեցին «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից:
 
Գրեթե բոլոր ընկերությունները տպավորված էին նախևառաջ «ԴիջիԹեքի» այցելուների մեծ թվով: «Այս անգամ ոչ միայն հաճախորդների քանակն ավելացավ, այլև բարելավվեց այցերի որակական բնույթը` դառնալով առավել նպատակային, քանի որ նրանք փնտրում էին կոնկրետ գործընկերներ և հատուկ թիրախային լուծումներ»,- ասաց «Իքս-Թեք» ընկերության տնօրեն Արման Աթոյանը: Նրա խոսքերով ընկերությունը ձեռք բերեց նախնական համաձայնություններ, պայմանավորվածություններ տարբեր ընկերությունների հետ, որոնք էլ հետագայում կվերածվեն երկարատև համագործակցության: 

«Թել-Սել» վճարային համակարգը ներկայացրեց նոր պրոդուկտ, որի շնորհիվ յուրաքանչյուր վճարող հնարավորություն ունի հաշված վայրկյանների ընթացքում կատարել կոմունալ վճարումներն ամբողջոթյամբ` մուտքագրելով ընդամենն իր բջջային հեռախոսահամարը: Ցուցահանդեսի մասնակիցներն ու հյուրերն առաջինը ծանոթացան այս ծառայությանը և սահմանեցին ռեկորդային ցուցանիշներ: Հատուկ DigiTec Expo 2010-ի շրջանակներում կազմակերպվեց կոմունալ վճարումների Հայաստանի առաջնություն, որին մասնակցաեցին հարյուրավոր մարդիկ, որոնցից առաջատարները ստացան մրցանակներ: «Ամփոփելով մասնակցությունը կարող ենք ասել, որ ՏՏ ոլորտում անցկացվող այս բացառիկ ցուցահանդեսը կազմակերպված էր բարձր մակարդակով և տվեց բացառապես դրական արդյունքները»,- տեղեկացրեցին Telcell-ից:

Նշենք նաև, որ նախատեսվում է ԴիջիԹեք 2011 ցուցահանդեսին ունենալ 100 մասնակից ընկերություն, որի 20-30 տոկոսը կլինեն միջազգային ընկերություններ և այցելուների թիվն ավելացնել 2000-ով` առնվազն 18.000 այցելու:

«ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2010-10-07
Ս.թ.  հոկտեմբերի  9-10-ը «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումն առաջին անգամ կանցկացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրում: Այն նվիրված է Հայաստանում և Արցախում Տեխնոլոգիական Ձեռներեցության Զարգացման խնդիրներին:

Ֆորումի օրակարգում լինելու են հետևյալ թեմաները.
  • Տեխնոլոգիական ձեռներեցության ներդրման խնդիրներ
  • Տեխնոլոգիական զարգացման և կիրառման խնդիրները Արցախում
  • Տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման հնարավորություններ
  • Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման խնդիրներ
Հանդիպում-ֆորումի ընթացքում կանցկացվեն նաև կլոր սեղան քննարկումներ, որոնց ընթացքում կարծարծվեն հետևյալ հարցերը` հեռահաղորդակցության խնդիրներ, տեխնոլոգիական լուծումներ արդյունաբերության համար /հանքաարդյունաբերություն, էներգետիկա, սննդի մշակում և այլն/, անվտանգության համակարգերում տեխնոլոգիական լուծումների ներդրման խնդիրներ, հեռաբժշկություն, էլեկտրոնային կառավարման ներդրման խնդիրներ և այլն:

Ֆորումին կմասնակցեն ԼՂՀ տնտեսական զարգացման, ՀՀ Էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև  ՏՀՏ հայաստանյան շուրջ 30 ընկերություններ, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 80 ներկայացուցիչներ։
Ֆորումի բացումը կիրականացնի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումի շրջանակներում տեղի կունենա նաև այցելություն Գանձասար:

Հիշեցնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:
 

DigiTec ցուցահանդեսի շրջանակներում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը  կներկայացնի «Համակարգիչ բոլորի համար»  ծրագիրը:
2010-10-01
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ջանքերով ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Սիլիկոնային հովտում (Silicon Valley) կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը:  «Սա շատ նշանակալից իրադարձություն է, քանի որ այնտեղ են կենտրոնացած էլեկտրոնային և համակարգչային տեխնիկա արտադրող համաշխարհային մեծության ընկերությունները»,- PCNews.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց  հիմնադրամի  տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

ՁԻՀ-ը  Տեղեկատվական Տեխնոլոգիաների  ոլորտի զարգացման հիմնական  խնդիրներով զբաղվող կազմակերպություն է, որը կատարում է Հայաստանի ՏՏ ոլորտի հետազոտություններ, հաշվետվություններ, վերլուծություններ և աջակցում հայկական ՏՏ ձեռնարկություններին:

Հիմնադրամը հանդիսանում է նաև Digitec Expo-ի համահիմնադիրը  և այս տարի ևս կմասնակցի ցուցահանդեսին:  Հոկտեմբերի 29-31-ն անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում  հիմնադրամը  կներկայացնի «Համակարգիչ բոլորի համար»  ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ծրագրային փաթեթներով համալրված ժամանակակից համակարգիչներ և դրանք գնելու համար վարկավորման արդի լուծումներ:

Ծրագրի պիլոտային փուլը  մեկնարկել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, որի շրջանակներում  կարելի է համակարգիչներ ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ինչպես տեղեկացրեց ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի հիմնական փուլը կգործարկվի ս.թ. սեպտեմբերին և հասանելի կդառնա հանրապետության ամբողջ տարածքում:
Ամսական 10,000 – 20,000 դրամով կտրամադրվեն ամերիկյան Հյուլեթ Պակարդ (HP), հետագայում նաև այլ ընկերությունների  արտարդրության համակարգիչներ: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կիրառվում է հատուկ ապառիկի սխեմա՝ առանց կանխավճարի և 24 ամիս տևողությամբ:

Տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` հիմնադրամը կազմակերպում է կարճաժամկետ ու երկարաժամեկտ դասընթացներ դաշտի մասնագետների և այլ հետաքրքրված անձանց համար: Պարբերաբար անցկացվում է նաև ծրագրերի կառավարման ուսուցում:

ՁԻՀ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: ՁԻՀ-ի հիմնական նպատակներն են բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, հաստատել գործարար կապեր միջազգային ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպությունների հետ, տեղական ՏՏ ընկերություններին ծանոթացնել ՏՏ ոլորտի համաշխարհային փորձին և նորագույն զարգացումներին, ինչպես նաև աջակցել արտասահմանյան և տեղական ներդրումների խթանմանը:

Աղբյուր` pcnews.am





Ռոբոտները կրկին Արցախ կգնան 2010-09-30
2010թ. օգոստոսին Արցախում կազմակերպված տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիայի ներկայացուցիչների ոչ կոնֆերանսին` Բարքամփ-Արցախ 2010-ին, մասնակցել էին նաև Ինֆորմացիոն տեխոլոգիաների ձեռնարկությունների միության «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն» նախագծի ներկայացուցիչները, որոնք Արցախում ցուցադրել էին իրենց ական փնտրող ռոբոտները: Արցախցիները և հատկապես ռոբոտներով հետաքրքրվող պատանիները, հոկտեմբերի 9-10-ը հնարավորություն ունեն ևս մեկ անգամ հիանալու Արմռոբոտիքսի անդամների աշխատանքներով:

Վերջերս դրանք ցուցադրվել էին Երևանի եվրոպական և Երևանի պետական համալսարաններում, Դիջիթեք-2010 էքսպո-ին: Հուսանք, որ ստեփանակերտյան  ցուցադրությունը կոգևորի արցախցի երիտասարդ ծրագրավորողներին և ուղղակի հետաքրքվողներին` ծրագրավորելու և ստեղծելու ռոբոտներ:

Ռոբոտների ցուցադրություն տեղի կունենա “Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լիդերների հանդիպում”- ֆորումի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է նախագծի մենեջեր Մարիամ Նահապետյանը:

Աղբյուր` ArtsakhNews

Instigate-ը մասնակցում է Digitec Expo ամենամյա ցուցահանդեսին դեռևս 2005թ.-ից: 2010-09-30
Instigate ընկերությունը պատրաստվում է աշնանը թողարկել Arax հայկական օպերացիոն համակարգի երկրորդ, ընդլայնված տարբերակը։ Arax-ի հեղինակը Նորայր Չիլինգարյանն է, ով մշակել է առաջին տարբերակը և հանդիսանում է նոր տարբերակի համահեղինակը։ Arax-ը հաջողությամբ կիրառվել է ինչպես անհատների, այնպես էլ հիմնարկությունների կողմից։

«Այս օպերացիոն համակարգը հիմնված է հայտնի GNU/Linux ՕՀ-ի վրա, և անվճար հասանելի կլինի օգտագործման և տարածման համար։ Նոր տարբերակում զգալիորեն կավելանան հայերեն թարգմանությամբ ծրագրերը, կտեղադրվեն կարևոր ծրագրային փաթեթների ամենաթարմ տարբերակները, կընդլայնվի համատեղելիությունը ժամանակակից սարքերի հետ», - տեղեկացրեց ընկերության տնօրեն Արման Պողոսյանը:
Instigate-ը զբաղվում է ծրագրային ապահովման մշակմամբ, ինժեներական լուծումներով, միկրոէլեկտրոնային սարքերի նախագծման ավտոմատացմամբ:

 Տնօրենի խոսքով` գործունեության 5 տարիների ընթացքում ընկերությունը հաջողությամբ իրականացրել է մոտ 50 նախագիծ` համագործակցելով 30-ից ավելի պատվիրատուների հետ ԱՄՆ ում և Եվրոպայում: Այս ամենը կատարվել է մեծամասամբ բաց կոդով ծրագրային ապահովման օգտագործմամբ։ Կուտակված փորձի հիման վրա, ներկայումս Instigate-ը օգնում է հայկական ընկերություններին գրասենյակային աշխատանքում և արտադրական գործունեության մեջ կիրառել բաց կոդով անվճար ծրագրային ապահովում։

Instigate-ը ունի ուսումնական կենտրոն, որտեղ սովորում են այս ոլորտին առնչվող ուսանողներ: Ընկերության աշխատակիցների 70%-ը ուսումնական կենտրոնի շրջանավարտներ են։ «Նախատեսում ենք կենտրոնի աշխատանքերն ընդլայնել նաև մարզերում», - ասում է տնօրենը։ Ուսուցումը կազմակերպվում է ընկերության միջոցներով, ուսանողները ստանում են կրթաթոշակ։

Instigate-ը մասնագիտացած է զուգահեռ ծրագրավորման և էլեկտրոնային համակարգերի նախագծման ոլորտում: Ընկերությունը առաջիններից մեկն է սկսել ծրագրերի զուգահեռացման լուծումներ առաջարկել օգտագործելով ժամանակակից վիդեոքարտերը: «Նախկինում դրանք օգտագործվում էին միայն գրաֆիկական պատկերների մշակման համար, սակայն նորագույն տարբերակներում հնարավորություն է տրվում օգտագործել վիդեոքարտի վրա գտնվող հազարից ավելի պրոցեսորները ընդհանուր հաշվումներ կատարելու համար՝ ապահովելով կատարման բարձր արագություն»,- ասում է տնօրենը:
Ընկերությունում նաև մշակվում են ժամանակակից բջջային հեռախոսների, պլանշետային համակարգերի և այլ մոբիլ հաշվողական սարքերի համար ծրագրային լուծումներ:

Instigate-ը մասնակցում է Digitec Expo ամենամյա ցուցահանդեսին դեռևս 2005թ.-ից: Այս տարի ընկերությունը ցուցահանդեսին կներկայացնի՝
•    Ուսումնական կենտրոնի ծրագրերը
•    Arax օպերացիոն համակարգը, որը սկավառակների վրա կտրամադրվի ցուցահանդեսի այցելուներին
•    Այլընտրանքային ծրագրային միջոցներ՝ գրասենյակային աշխատանքների ավտոմատացման համար
•    Տվյալների հոսքերի մշակման օրինակներ՝ օգտագործելով NVIDIA CUDA և ATI Stream տեխնոլոգիաները։

Instigate -ը հիմնադրվել է 2005թ։ Այժմ ընկերությունում աշխատում են 100-ից ավելի մասնագետներ: Instigate-ը ունի ինժեներական կենտրոն Գյումրիում և ներկայացուցչություններ ԱՄՆ-ում և Եվրոպայում:

Աղբյուր` pcnews.am

D-Link-ի հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսանում է  Digitec Expo-ի այս տարվա գլխավոր հովանավորը: 2010-09-30
D-Link-ը թայվանական ընկերություն է` ողջ աշխարհում հայտնի իր ցանցային ու հեռահաղորդակցական սարքերի արտադրությամբ: Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է 1997թ. հուլիսից: Այն տեղեկատվություն և խորհրդատվություն է մատուցում բոլորին, ովքեր հետաքրքրված են D-Link-ի արտադրանքներով: «Ամեն հինգշաբթի առանձին կամ կորպորատիվ հաճախորդների համար կազմակերպում ենք անվճար ուսուցումներ` տարբեր թեմաներով և տրամադրում տեղեկատվություն ցանցային տեխնոլոգիաների մասին»,-ասում է տնօրեն Արմեն Շահնազարյանը:

D-Link-ը արտադրում է USB և անլար սարքավորումներ, մարշրուտիզատորներ, ցանցային ադապտերներ, մոդեմներ և այլ ցանցային ու հեռագաղորդակցական սարքեր:

«Գյումրիի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոնում գործում է D-Link-ի վիրտուալ լաբորատորիա, որտեղ սովորող երեխաները հնարավորություն ունեն  օնլայն դասընթացներ կարդալ, այդ թվում` ցանցային տեխնոլոգիաների  կուրս»,- տեղեկացրեց Ա.Շահնազարյանը:  Լաբորատորիայի երկու լավագույն ուսանողները ստանում են 20.000 դրամ կրթաթոշակ: Տնօրենի խոսքերով` նմանատիպ հնարավություն այս տարի, հավանաբար, կունենան նաև ԵՊՀ-ի և ԵՃՊՀ-ի ուսանողները:

D-Link-ը Հայաստանում ունի 3 մատակարար, որոնք պարբերաբար մասնակցել են նախորդ  Digitec Expo-ներին: Այս տարի ևս`հոկտեմբերի 29-31-ը, D-Link-ի մատակարարները կներկայացնեն ընկերության արտադրանքն ու ցանցային տեխնոլոգիաների լուծումները Digitec Expo 2010-ի այցելուներին:

Նշենք, որ D-Link-ի հայաստանյան ներկայացուցչությունը հանդիսանում է  Digitec Expo-ի այս տարվա գլխավոր հովանավորը:

Աղբյուր` pcnews.am


iCON-ն այս տարի առաջին անգամ կմասնակցի  Digitec Expo ցուցահանդեսին` ներակայացնելով իր ծառայությունների ողջ փաթեթն ու նորույթները:
2010-09-30
iCON-ն  ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ առաջարկում է կրկնակի արագություն փաթեթների համար: Սեպտեմբեր ամսվա ընթացում GO պայմանագիրը ստորագրելու դեպքում (բացառությամբ iCON GO entry փաթեթի) բաժանորդները կստանան մինչև կրկնակի արագություն նույն գնով, առնվազն մինչև 2010թ.-ի վերջ: Նաև բոլոր ուսանողներին և դպրոցականներին սպասվում են անակնկալ նվերներ` սեպտեմբերին iCON-ի բաժանորդ դառնալու դեպքում:

iCON-ը տրամադրում է անլար ինտերնետ` WIMAX տեխնոլոգիայի միջոցով:  Ընկերության տնօրեն Րաֆֆի Քասարջյանի խոսքով` WIMAX-ը տարբերվում է 3G տեխնոլոգիայից նրանով, որ ի սկզբանե ստեղծված է եղել ինտերնետ տրամադրելու համար, մինչդեռ  3G-ն բջջային տեխնոլոգիաների զարգացման արդյունք է` նախատեսված բջջային ծառայություններ մատուցելու համար: Իսկ ի տարբերություն Wi-Fi  տեխնոլոգիայի` WIMAX-ը նախատեսված է լայն տարածքներում ինտերնետ ապահովելու համար:

iCON Communications-ը ունի երեք սպասարկման կետ Երևանում և 50 աշխատակից: Ընկերությունը սկսել է ծառայություններ մատուցել 2009թ. մարտի վերջից:

Տնօրենի խոսքերով` iCON-ի ինտերնետի բաժանորդների թիվը կազմում է մոտ 5000:  «Բաժանորդների թվի ամենաարագ աճը գրանցվել է ընկերության գործունեության սկզբնական շրջանում»,-ասաց Ր. Քասարջյանը: Տնօրենի ունեցած տվյալների համաձայն` Հայաստանում լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը ավելի քան 100.000 է:
«Շուկան բավական մրցակցային է, և մենք աշխատում ենք նույն գների սահմաններում ավելացնել ծառայությունների որակն ու տրամադրվող ինտերնետի արագությունը»,-PCNews.am-ի թղթակցին ասաց Քասարջյանը:

Բացի ինտերնետից` iCON-ը նաև մատուցում է iCON Voice հեռախոսային ծառայությունը(VoIP),  որի միջոցով կարելի է ցանկացած ֆիքսված հեռախոս միացնել iCON մոդեմին և զանգահարել աշխարհի ցանկացած կետ:

«Ծառայությունը դեռևս թույլ է տալիս կատարել միայն ելքային զանգեր դեպի արտասահման: Այժմ աշխատում ենք ապահովել նաև արտասահմանից մուտքային զանգեր ստանալու, ինչպես նաև տեղական մուտքային և ելքային զանգեր կատարելու հնարավորությունը»,- տեղեկացրեց Ր. Քասարջյանը:

Ընկերությունը շուտով նաև պատրաստվում է տրամադրել է e-mail և web-hosting ծառայություններ փոքր և միջին բիզնեսով զբաղվողների համար:
Տնօրենը դրական է գնահատում ինտերնետային շուկայի զարգացումը Հայաստանում: «Վերջին 2 տարվա ընթացքում բավական ներդրումներ են կատարվել այս շուկայում, և մատուցվող ծառայություններն աստիճանաբար ավելի մատչելի են դառնում,  իսկ որակը լավանում է` հօգուտ սպառողների»,-ասաց Քասարջյանը:

Այն հարցին, թե որոնք են շուկայում iCON-ի մրցակիցները, տնօրենը ասաց. «Կարելի է առանձնացնել մրցակիցների երեք խումբ: Առաջին խմբում են մալուխային եղանակով ինտերնետ մատուցող ընկերությունները (Beeline, Ucom, Web, Arminco), երկրորդ խմբում` VivaCell-ն ու Orange-ը, որոնք աշխատում են 3G տեխնոլոգիայով և երրորդ խմբում` փոքր մատակարարները»:

Ըստ տնօրենի` iCON-ի մրցակցային առավելություններից գլխավորն այն է, որ  iCON-ի WIMAX մոդեմները քաղաքի ցանկացած կետում հոսանքին միացնելիս ապահովում են բաժանորդի ընտրած տվյալ արագությունը: Իսկ 3G տեխնոլոգիայով մատուցվող ինտերնետը օրվա ընթաքում ծանրաբեռնվածության պատճառով կարող է տատանվել  նույնիսկ ամենաբարձր արժողությամբ փաթեթներն ընտրելու դեպքում: iCON-ի ևս մեկ մրցակցային առավելություն է բաժանորդների սպասարկման բարձր մակարդակն ու 24-ժամյա տեխնիկական աջակցությունը:

Ներկայում iCON-ի ցանցն ընդգրկում է Երևանի հետևյալ թաղամասերը` Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ, Վահակնի թաղամաս, Քասախ գյուղ, Զեյթուն, Կայարան, Նոր Նորքի 2-8 զանգվածներ, Ավան և 3րդ Մաս: Երևանում այժմ գործում է  iCON-ի  42 բազային կայան, , որոնցից յուրաքանչյուրը համալրված է 3- 4 ալեհավաքով:
Ընկերությունն աշնանը նախատեսում է ընդլայնել իր ցանցը դեպի Երևանի մնացած թաղամասերը և Հայաստանի շրջաններ:

iCON-ն այս տարի առաջին անգամ կմասնակցի  Digitec Expo ցուցահանդեսին` ներակայացնելով իր ծառայությունների ողջ փաթեթն ու նորույթները:

Աղբյուր` pcnews.am


ԻՏՁ միությունը համալրվել է նոր անդամներով

Այս շաբաթ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն էապես համալրեց իր շարքերը: Միության նոր անդամներ են դարձել  բջջային խոշորագույն օպերատոր VIVACell MTS, ինչպես նաև Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategic Solutions, Intra Call Center AM LLC ընկերությունները:
2010-09-02
Մինչ այդ միության անդամ էին հանդիսանում  «Orange Արմենիան», «Արմինկո», «Մայքրոսոֆթ», «Նեյշնլ Ինստրումենթս Քորփորեյշն», «Յունիքոմփ», «Այքան Քոմունիքեյշնս», «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի», «Ապագա Տեքնոլոջիս», «Բիզնես Դիվելըփմենթ Ըդվայզըրս»,  «Սի Քյու Ջի ԱյՄա», «Քրիդենս Սիսթեմզ Արմենիա», «Դ-Լինկ Ինտերնեշնլ», Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, «Ֆայն», «Ֆիրմա Ալֆա», «Ֆլեքս Տեք», «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն», «Իննովա Սըլուշընս», «Ինստիգեյթ», «ԼանԱր սերվիս», «Մակադամիան»,  «Նորք  տեղեկատվավերլուծական  կենտրոն», «Պրոքսիմուս Դի Էյ», «Սմարթ Սիսթեմս», «Սորսիո», «Սիներջի Ինթերնեյշընլ Սիսթեմզ», «Սինոփսիս Արմենիա», «Յուքոմ», «Վիրաժ Լոջիկ Ինթերնեշնլ», «ՎԵԲ», «Երևան Տելեկոմ Սոլուշնս», «Ի-Վորկս Ստուդիա», «ՋիԷնՍի Ալֆա», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս», «ՄՈՆՏ», «ՓրայսուոթերհաուսԿուպերս», «101 ՈւորլդՈւայդ Լաբս», «ԱյԹի –Միկրոնեթվորքս»,  «Մենթոր Գրաֆիկս Դիզայն Դիվելըփմենթ», «Վալլեքս Այ-Թի», «Իմպրեյշն Վեբստուդիո»  ընկերությունները:  Այսպիսով` ոլորտի 240 ընկերություններից 47-ը ԻՏՁՄ անդամ են հանդիսանում:  

Անդամ ընկերությունների համալրումը տեղի ունեցավ ԻՏՁՄ վարչության նիստի ժամանակ: Նիստի կարևորագույն հարցերից էր նաև DigiTec 2010 ցուցահանդեսը, որն ավանդաբար իր շուրջ կհամախմբի տեխնոլոգիական հասարակությանը: Ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VIVACell MTS ընկերությունը, իսկ D-Link ընկերությունը DigiTec-ի գլխավոր հովանավորն է: Ներկա դրությամբ ցուցահանդեսի 72% տարածքն արդեն զբաղեցված է, մասնակցության հայտ են ներկայացրել 30 ընկերություն: 

Վարչության նիստի ընթացքում քննարկվել է նաև ԼՂՀ-ում տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված ֆորում անցկացնելու հարցը: Այն կանցկացվի հոկտեմբեր ամսին Ստեփանակերտ քաղաքում կայանալիք «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում: Վարչության կողմից որոշվել է  դիտարկել ԼՂՀ ՏՀՏ զարգացումը որպես պիլոտային փուլ` հաջողակ փորձը Հայաստանի այլ մարզերում կիրառելու նպատակով:

6-րդ ԴիջիԹեքը

6-րդ անգամ անցկացվող DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսը, որը տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
2010-08-24
Ցուցահանդեսի պլատինե հովանավորությունը ստանձնել է VIVACELL MTS ընկերությունը, գլխավոր հովանավորն է D-Link ընկերությունը: Միջոցառմանն իրենց ակտիվ մասնակցության մասին արդեն իսկ հայտնել National Instruments, Synopsys, Ucom, I-con, Unicomp, EIF, Nork, Apaga, Instigate, GNC Alfa, Softline, Credence, YETRI և մի շարք այլ ընկերություններ: Առաջին անգամ այս տարի ցուցահանդեսին կմասնակցի նաև գերմանական Krohne ընկերությունը: Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:

«DigiTec Expo»-ի շրջանակներում կանցկացվեն մի շարք հարակից միջոցառումներ: Դրանք են`
  •      DigiTec Տեխնոլոգիական ֆորում - Համահայկական ինժեներական ֆորում, որին ակնկալվում է հայաստանյան և սփյուռքի շուրջ 1500 ինժեներների մասնակցություն:
  •      DigiTec Start Up forum - Նորաստեղծ ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները և գործունեությունը:
  •      Էլեկտրոնային կառավարում ֆորում  - ՀՀ կառավարության և առընթեր մարմինների էլեկտրոնային ծառայությունների ներկայացում:
  •      DigiLife սեմինարների շարք
  •      Համակարգչային խաղեր նախագծողների Հայաստանի բաց առաջնություն
  •      «Երևան Գիտության փառատոն»
  •      Արմռոբոտիքս- Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Ցուցահանդեսի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: Այն նաև միտված է միջազգային կապերի ընդլայնմանը: «DigiTec Expo»-ն նաև մի շարք կարևոր խնդիրներ է լուծում. նախ` Հայաստանը դրսում ներկայացվում է որպես բարձր տեխնոլոգիական իրադարձությունների երկիր, բացի այդ, ցուցահանդեսն ունի նաև ներդրումների ներգրավման նպատակ. արտասահմանյան ներդրողները կարող են այստեղ միանգամից ծանոթանալ ամբողջ ՏՏ համայնքին և հետագա ծրագրեր նախանշել:

«DigiTec Expo 2010». նորաստեղծ ընկերությունները կստանան մասնակցության աջակցություն
2010-07-19
«Ցուցահանդեսն ամեն տարի գրանցում է մասնակիցների մոտ 10-15% աճ, իսկ այցելուների թիվն աճում է 20%-ով: Այս տարի նախատեսում ենք ունենալ 60-ից ավել մասնակիցներ»,-ասում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

DigiTec-ը տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ցուցահանդես է, որն առաջին անգամ կազմակերպվել է 2005թ.: Եթե 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ, ապա 2009-ին այցելուների քանակը հասավ շուրջ 12000-ի: Ակնկալվում է, որ 2010թ. ցուցահանդեսը կունենա ավելի քան 15000 այցելու:

Տնօրենի կարծիքով` այս տարվա «Դիջիթեք Էքսպոն» կլինի տարբերվող, որովհետև նախ կլինի մասնակիցների մեծ աճ, ինչպես նաև կլինեն փոփոխություններ որակական առումով. ավելի հետաքրքիր տեխնոլոգիաներ կներկայացվեն ցուցահանդեսին:

Նախորդ տարի ԻՏՁՄ-ն աջակցել է 12 նորաստեղծ ընկերությունների մասնակցությանը. ԱՄՆ ՄԶԳ (CAPS) ծրագրի հետ համատեղ ջանքերով այդ ընկերություններին տրամադրվել են տաղավարներ շատ մատչելի, գրեթե անվճար գներով: Կարեն Վարդանյանը նշեց, որ այս տարի, հավանաբար, ավելի շատ նորաստեղծ ընկերություններ կստանան այսպիսի աջակցություն:

Այս տարվա «Դիջիթեք Էքսպոն» իր մասնակիցների և այցելուների համար պատրաստել է մի շարք նոր նախագծեր. առաջին անգամ կանցկացվի խաղերի և խաղեր ստեղծողների մրցույթ, որին կմասնակցեն սցենարիստներ, ծրագրավորողներ, անիմատորներ և այլն: Նաև համաշխարհային մակարդակով անցկացվող Գիտության ֆեստիվալի օրինակով Դիջիթեք Էքսպոյի շրջանակներում տեղի կունենա Երևանի գիտության փառատոն:

«Ամբողջ աշխարհում ցուցահանդեսները համարվում են մարկետինգային կարևոր գործիք, և մարկետինգային ծախսերի 15 տոկոսը բաժին է ընկնում հենց ցուցահանդեսների կազմակերպմանը: Առաջին հերթին ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մասնակից ընկերություններին շփվել սպառողի հետ,-նշում է Վարդանյանը:-Նաև «Դիջիթեք Էքսպոն» կարևոր է երկիրը ներկայացնելու տեսանկյունից. Հայաստան մուտք գործող միջազգային ընկերությունները ցուցահանդեսի շնորհիվ կարողանում են մեկ տեղում հավաքված տեսնել երկրի ամբողջ արտադրությունը»:

Ամերիկյան «Նաթան Ասոսիեյթ» կազմակերպության կողմից հրավիրված անկախ փորձագետ Մայք Դաքքերի հետազոտությունները ցույց են տվել, որ ցուցահանդեսի այցելուների 44% կազմել են ուսանողները, 19%` տնտեսության այլ ճյուղերի ընկերությունների ղեկավարները, 17%` պետական հիմնարկությունների և գերատեսչությունների աշխատակիցներ, իսկ 20%` ոլորտի հանդեպ հետաքրքրություն ունեցող քաղաքացիներ:

«DigiTec Expo 2010»-ը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Կ. Դեմերճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:

Աղբյուր` pcnews.am

ԴիջիՏեք ցուցահանդեսը նորովի

Հոկտեմբերի 29-31-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում տեղի, կունենա 6-րդ ամենամյա միջազգային ԴիջիՏեք 2010 ցուցահանդեսը
2010-07-16
որի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՀՏ ընկերությունների և գործարար սպառողների միջև, ներգրավել հասարակությանը ՏՀՏ ոլորտ (նպաստել ինֆորմացիոն հասարակության զարգացմանը), ընդլայնել միջազգային կապերը, հաստատել գործարար կապեր:

ԴիջիՏեքն առաջին անգամ կազմակերպվել է 2005թ.: Կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: 2005-ին ցուցահանդես այցելել էին 5000, 2006-ին` 7000, 2007-ին` 8000, 2008-ին` 8000 մարդ, իսկ 2009-ին այցելուների քանակը հասավ շուրջ 12000-ի: Այս տարի, համաձայն 2005թ-ից ի վեր առկա աճի դինամիկայի և ակտիվ գովազդային արշավի շնորհիվ, ակնկալվում է 15.000 այցելու և 60 մասնակից ընկերություն:

ԴիջիՏեք 2010 ցուցահանդեսին կից  տեղի կունենան հետևյալ միջոցառումները.
  • DigiTec Էլեկտրոնային կառավարման հատված– Ցուցադրվում են ՀՀ կարավարության կողմից տրամադրվող էլ. ծառայությունները
  • DigiLife սեմինարների շարք- Առաջատար տեղական և միջազգային ընկերությունները կներկայացնեն իրենց լուծումներն ու տեխնոլոգիական վերջին նորությունները
  • ArmRobotics – Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն
Այս տարի ցուցահանդեսին կից կանցկացվեն նաև նոր միջոցառումներ, որոնցից է  “Armenian Open Game Development Contest” մրցույթը: Մրցույթին կմասնակցեն սցենարիստներ, ծրագրավորողներ, անիմատորներ և այլն:

Ըստ նախնական պայմանավորվածության` ԴիջիՏեքին զուգահեռ առաջին անգամ Հայաստանում կանցկավի նաև Science Festival համաշխարհային գիտության փառատոնի հայաստանյան տարբերակը՝ «Երևան Գիտության փառատոն» խորագրով:

Ռոբոտներրը գնում են Վանաձոր

Հուլիսի 4-ից ռոբոտները սկսում են իրենց շրջագայությունները: Ռոբոտների առաջին ցուցադրության վայրը Վանաձոր քաղաքն է, իսկ ավելի կոնկրետ`  Շ.Ազնավուրի անվ. Մշակույթի պալատը:
2010-07-03
Ցուցադրության ընթացքում կներկայացվեն ական փնտրող, գծին հետևող, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտներ, կցուցադրվեն համաշխարհային ռոբոտատեխնիկային վերաբերող ֆիլմերի, կներկայացվի ԱրմՌոբոտիքսի մասին և ռոբոտների կիրառությունը ռազմական ոլորտում թեմաներով գործարար ներկայացում:
Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում նախատեսվում է ռոբոտների ցուցադրություններ անցկացնել նաև Երև անի տարբեր հատվածներում, ինչպես նաև ՀՀ մարզերում:
ԱրմՌոբոտիքսի շրջանակներում անցկացվող ռոբոտների մրցույթների նպատակն է երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը և խթանել նոր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում: 

Նախատեսվում է, որ «DigiTec Expo 2010» ցուցահանդեսը կունենա 15.000 այցելու
 
2010-06-24
Նախատեսվում է նաև, որ ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 60 տեղական ու միջազգային ընկերություններ: Կներկայացվեն ՏՀՏ–կրթություն, էլեկտրոնային ղեկավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, ինովացիոն որոշումներ բաժինները, ինչպես նաև` տեղեկատվական ու հեռահաղորդակցության սարքավորումներ և ծրագրեր, նրանց կիրառությունը ժամանակակից բիզնեսում: Եվս մեկ բաժին նվիրված կլինի ՏՀՏ շուկային:

Կ. Վարդանյանի խոսքով, Digitec ցուցահանդեսը տարեցտարի ընդարձակվում է ու ավելի շատ այցելուներ ունենում: Անցյալ տարի ցուցահանդեսին ներկա է գտնվել 12 հազար այցելու: Այս տարի ևս աջակցություն կցուցաբերվի նոր ընկերություններին, և ցուցահանդեսին կներկայանան շուրջ 30 նոր ընկերություններ: Երեխաներին քաջալերելու համար կներկայացվեն նաև ռոբոտների խմբերը:

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ամենամյա 6-րդ միջազգային Digitec 2010 ցուցահանդեսը կանցկացվի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Աղբյուր` Panorama.am
 
 

2010-06-24

‹‹ՏՀՏ լիդերների հանդիպում›› ֆորում

Հունիսի 12-13-ը Ծաղկաձորի «Կեչարիս» հանգստյան տանը տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը:
2010-06-11
Նպատակն է ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները, մասնավորապես ՏՀՏ ոլորտի կրթության խնդիրները: Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կրթության նախարարությունը:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները.
1.    Կրթական պրոցեսի մասնակիցների (դասախոսներ, ուսանողներ, պետական կառավարման մարմիններ) մոտիվացիայի և հավակնությունների բարձրացման խնդիրներ:
2.    Կրթական ծառայությունների մատակարարների (ԲՈւՀ-եր) և պատվիրատուների (բիզնես, համապատասխան պետական կառույցներ, ծնողներ) կապի ձևավորում:
3.    Ինչպես վերականգնել ԲՈւՀ-երը` որպես գիտահետազոտական կենտրոններ:
4.    Առկա կրթական լուծումների ներկայացումներ
5.    Պրոֆեսիոնալ և շարունակական կրթություն. կրթությունը բանակում և օտար լեզվի խնդիրները:
Միջոցառմանը մասնակցելու են ՏՀՏ ոլորտի ընկերությունների, կրթական ոլորտի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների մոտ 90 ներկայացուցիչներ: Ֆորումին իրենց մասնակցությունը կցուցաբերեն ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ավելացնենք, որ ֆորումի հովանավորն է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը: Այն ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից է և արդեն 10 տարի գործում է հայկական շուկայում: «Նորք»-ը համագործակցում է միջազգային մի շարք խոշոր ընկերությունների և  պետական կառույցների հետ: Գործունեության հիմնական ուղղություններն են` բիզնես գործընթացների ավտոմատացում, էլեկտրոնային   փաստաթղթաշրջանառության տեղեկատվական համակարգ, վեբկայքերի պատրաստում, ակտուարական վերլուծություններ, համակարգչային և մասնագիտական   վերապատրաստում, տեխնիկական սպասարկում, հրատարակչական գործունեություն և այլն:

Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն

Հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղական և արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և գործարար այլ ոլորտների ընկերությունները կհամախմբվեն 3-րդ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում:
2010-06-08
«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/  ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար: 

Ֆորումին կներկայացվեն ՏՀՏ լուծումներ բիզնեսի կառավարման, գործընթացների ավտոմատացման, վաճառքների խթանման համար հետևյալ ոլորներում`
•    Բանկային և ֆինանսական
•    Տուրիզմ
•    Առևտուր և պահեստների կառավարում
•    Շինարարություն
•    Տրանսպորտ և կապ
•    Բժշկություն և դեղագործություն
Այս տարի «DigiTec Business 2010»-ն առանձնանում է արտասահմանյան ընկերությունների լուրջ մասնակցությամբ: Ֆորումին լինելու են պատվիրակությունների այց Ալբանիայից, Մոլդովայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Հոլանդիայից, Կոսովոյից: Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար հատուկ կազմակերպվել է ՏՀՏ անկյուն:
Ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, առանձնազրույցներ և խորհրդատվություն:
Նշենք նաև, որ տարեցտարի ավելանում է «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվը. առաջին տարվա 19 ցուցադրվող ընկերությունների փոխարեն այս տարի 35 է լինելու:

Բացումը կիրականացվի ժամը 10:30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Բացմանը կմասնակցի ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջաթինդեր Չիման: 



Մայիսի 28-ին տեղի ունեցած անձրևի պատճառով շՀայաստանի ռոբոտների բաց Առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչը տեղափոխվում է հունիսի 2-ին ժամը 17:00 և տեղի կունենա Սիրահարների Զբոսայգում/Բաղրամյան 21/
2010-05-28

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսում

Հունիսի 9-10-ը  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող 3-րդ ամենամյա DigiTec Business ֆորումը:
2010-05-26
Ֆորումի հիմնական նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման համար՝ լուծումներ բիզնեսի կառավարման, բիզնես գործընթացների ավտոմատացման և բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար։
Այս տարի ակնկալվում է լայն միջազգային մանակցություն DigiTec Business-ին, մասնավորապես` հարավային և արևելյան եվրոպական երկրներից, այդ թվում` Բուլղարիայից, Ալբանիայից, Կոսովոյից, Սերբիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից և Մոլդովայից:  «Հայաստանը հետզհետե դառնում է ավելի ու ավելի ճանաչելի տեղեկատվական և հեռահաղորդակցության  տեխնոլոգիաների միջազգային արդյունաբերության մեջ: Մեր վարկանիշը` որպես ՏՀՏ ճանաչված կենտրոն, բարձրանում է, ինչը, իր հերթին, կխթանի ներդրումների հոսքը դեպի Հայաստանի ՏՀՏ ոլորտ»,- նշում է Յու Այ Թի Ի Էքսպոյի տնօրեն Վահան Հովսեփյանը:
Անցած տարիներին ֆորումն ունեցել է մոտ 1500 բիզնես այցելու և 30 ՏՀՏ ընկերություն: Այս տարի նախատեսվում է մոտ 40 ընկերության մասնակցություն, որոնք կներկայացնեն ՏՀՏ լուծումներ ֆինանսաբանկային, հաճախորդների սպասարկման, հաշվապահության, կադրերի կառավարման, էլեկտրոնային առողջապահության և էլեկտրոնային ուսուցման, վաճառքների և այլ ոլորտներում: «Նիդերլանդների զարգացման հանագործակցության նախարարության ներկայացուցիչը կներկայացնի հայաստանյան ընկերությունների համար այն աջակցման հնարավորությունները, որ ընձեռում է այս կառույցը` հոլանդական գործընկերների հետ համատեղ ծրագրեր ներկայացնելու դեպքում»,- ասում է Վահան Հովսեփյանը:


Ռոբոտները Սիրահարների զբոսայգում

Մայիսի 28-ին, ժամը 17:00-ին, Սիրահարների զբոսայգում տեղի կունենա Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
2010-05-26
Մրցույթն ունի ռազմական բնույթ: Այս մրցույթի ընթացքում մասնակիցները պետք է նախագծել և պատրաստել են ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները և սերվերին կուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ և չափեր (չափերը 40×40սմ, քաշը 10 կգ): Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջև դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
«Ական փնտրող ռոբոտ»-ին մասնակցելու են 10 թիմ, մրցույթն առանց տարիքային սահմանափակման է: Վերջին 4 ամսվա ընթացքում անց են կացվել նախնական մրցույթներ, որոնց ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծած և պատրաստած ռոբոտները և ստացել գնահատականներ, ինչն էլ իրենց պետք կգա եզրափակիչ փուլի ընթացքում: Առաջին տեղի մրցանակը կազմում է 300.000 դրամ, երկրորդը` 200.000, իսկ երրորդը` 100.000 դրամ:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնությունը /ArmRobotics/, որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը և աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:

<<ՏՀՏ լիդերների հանդիպում>>-ֆորում

 Այս անգամ  <<ՏՀՏ լիդերների հանդիպում>>-ֆորումն ընդլայնել է իր շրջանակները և անդրադառնալու է ոչ միայն ՏՀՏ ոլորտում եղած խնդիրներին, այլև ՏՀՏ կիրառությանը տնտեսության այլ ոլորտներում:
2010-02-22
Փետրվարի 26-28-ը Աղվերանի Արթուրս հանգստյան տանը http://www.arthurs-hotels.ru/hotels/agveran/ տեղի կունենա <<ՏՀՏ լիդերների հանդիպում>>-ֆորումը: <<Այն ընկերությունները, որոնք ցանկանում են կիրառել համակարգչային միջոցներն իրենց  բիզնեսում և բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը, ապա այս միջոցառումը  նրանց համար է,- ասում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյան և ավելացնում,- բացի այդ, սա լավ հնարավորություն է  համատեղել հանգիստն ընտանիքի հետ և գործնական հադիպումները>>:

<<ՏՀՏ լիդերների հանդիպում>>-ֆորումի օրակարգում լինելու են հետևյալ թեմաները.
•    ՏՀՏ գործիքները հաճախորդներին սպասարկելու համար
•    ՏՀՏ կիրառումը ֆինանսաբանկային ոլորտում
•    ՏՀՏ կիրառումը տուրիզմի, առևտրի և պահեստավորման ոլորտներում
•    ՏՀՏ կիրառումը առողջապահական ոլորտում: Դեղագործության և հեռաբժշկության լուծումներ
•    ՏՀՏ կիրառումը տրանսպորտային կազմակերպություններում
Ֆորումին ներկա կլինեն հայաստանյան առաջատար բիզնես ընկերությունների, ՏՀՏ ընկերությունների, նախարարությունների ու գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ղեկավարներ և ներկայացուցիչներ


  ՏՀՏ ընկերությունների Start Up ֆորում

Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացումն էականորեն կապված է ոլորտում ընդգրկված ընկերությունների քանակից և նրանց կոնսոլիդացման որակից: Այս համատեքստում շատ կարևոր է նաև նորաստեղծ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ընկերությունների զարգացման և խրախուսման խնդիրը: Այդ իսկ նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է համաժողով` Sart-up Forum, որը տեղի կունենա ս.թ. հուլիսի 17-ին, ժամը 11:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Թագուհի Էրատո սրահում ...

2009-07-09
  Start Up ֆորումի հիմնական նպատակներն են.

\"\\"*\\"\"      Ի հայտ բերել նորաստեղծ (Start-up) ընկերությունների զարգացման հիմնական նախադրյալները և հիմնախնդիրները:

\"\\"*\\"\"      Ստեղծել նորաստեղծ (Start-up) ընկերությունների համագործակցության բարենպաստ միջավայր:

\"\\"*\\"\"      Որոշել նորաստեղծ (Start-up) ընկերությունների շահերի պաշտպանության խնդիրները:

\"\\"*\\"\"      Օգնել նորաստեղծ (Start-up) ընկերություններին պետական աջակցություն ստանալու հարցում:

 
 
 
Հեղինակային իրավունքներ © 2005-2009 ԻՏՁՄ
Developed By isystems.am

This site is monitored by monitis